
«Մենք օր դեպո ունեինք, ձեր մետրոն ուրդեղ էր»
1899թ. ավարտվում է Ջաջուռի երկաթուղային թունելի շինարարությունը, և առաջին շոգեքարշը մտնում է Գյումրի: Իր ընկեր Մադոյենց Նապոյի հետ Մուկուչն էլ է գնում երկաթուղու կայարան: Երկար նայելուց հետո Մուկուչը դիմում է ընկերոջը:
-Նապո, էս պարավոզը ընչով կերթա,- հարցնում է Մուկուչը:
-Բղով՝ գոլորշով կերթա,- պատասխանում է ընկերը:
Ութամյա Մկրտիչը չի ուզում հավատալ: Նապոն որքան էլ բացատրում է, ընկերը չի հավատում և հենց կայարանում Մուկուչը հայտնում է իր կասկածը:
-Ծո, օր պարավոզը բղով էրթար, Ձիթողցոնց բաղնիքն հմի շուտունց Լոնդոն էր հասել:
Հետագայում նորաստեղծ երկաթուղային կայարանն ու դեպոն պիտի դառնային լենինականցիների պարծանքի առարկան: Երբ Երևանում շահագործման հանձնվեց մետրոպոլիտենը, լենինականցիներին դա ամենևին չընկճեց: Երբ մայրաքաղաքի բնակիչները ցանկանում էին պարծենալ, որ մետրո ունեն, լենինականցիներն անմիջապես հակադարձում էին. «Մենք օր դեպո ունեինք, ձեր մետրոն ուրդեղ էր»:
1911թ. Լենինականում շահագործման է հանձնվում վագոնային դեպոն, իսկ 1941-42թթ.՝ լոկոմոտիվային դեպոն: Գյումրեցի 83-ամյա Ռոզա Եղիազարյանը պատմում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիմնված լոկոմոտիվային դեպոյում հիմնականում կանայք էին աշխատում: «Ես էն ժամանակ 11-12 տարեկան երեխա աղջիկ էի: Ընձի դպրոցից հանեցին, ղրկեցին շոգեքարշային դեպո աշխատելու,- հիշում է Ռոզա Եղիազարյանը:- Սլեսար եմ աշխատել, գնացքի ծռված մասերն էի ուղղում, անգամ ձեռքս եմ վնասել»:
Այսօր մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ Գյումրու վագոնային-վերանորոգման և լոկոմոտիվային դեպոների բացման արարողությունը, որին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, էկոնոմիկային նախարար Վահրամ Ավանեսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ:
2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, լինելով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ձեռնարկությունը, իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
«Արդեն 5 տարի է, որ գոյություն ունի «Հարավկովկասյան երկաթուղին», և այս տարիների ընթացքում մենք աշխատում ենք ստեղծել անվտանգ, որակյալ երկաթուղային տրանսպորտ,- իր ելույթում նշեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը:- Սա գործունեության այնպիսի մի ոլորտ է, որտեղ պատահականություններ չեն լինում և անհանդուրժելի են: Ձեր հրաշալի շախմատիստ Տիգրան Պետրոսյանը մի առիթով ասել է. «Ճիշտ է՝ շախմատն ընդամենը խաղ է, սակայն այդ խաղում բացառվում են պատահականությունները»: Մեր աշխատանքը խաղ չէ, բայց նրանում նույնպես պատահականությունը տեղ չունի»:
Վլադիմիր Յակունինը նշեց, որ կատարած ներդրումների շնորհիվ վերակառուցվել է լոկոմոտիվային դեպոն: 2010թ.-ից սկսված աշխատանքների համար հատկացվել է 93,5 մլն ռուսական ռուբլի, ևս 48,4 մլն ռուբլի ուղղվել է շարժակազմի նորոգման համար տեխնոլոգիական սարքավորումներ ձեռք բերելուն: Գնվել է 25 միավոր հիմնական և 6 միավոր ախտորոշման սարքավորում: Վագոնային-վերանորոգման դեպոյի վերակառուցման համար նախորդ տարիներին ներդրվել է 35,1 մլն ռուբլի: Շինարարական աշխատանքներից զատ շարժակազմի նորոգման համար գնվել են 20 մլն ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ:
«Եթե նախկինում Հայաստանում հնարավոր չէր իրականացնել որոշակի մակարդակի նորոգման աշխատանքներ, և այդ հարցում օգնում էին վրացի կոլեգաները, ապա այսուհետև բոլոր տեսակի աշխատանքներն իրականացվելու են տեղում: Հիմա արդեն մենք ունենք բոլոր պայմանները և համապատասխան մարդկային ռեսուրս»,- հայտարարեց Վ. Յակունինը:
Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը նախ լուսանկարվեցին վետերան դեպոյականների հետ, այնուհետև, ի նշան հայ-ռուսական բարեկամության, եղևնի տնկեցին լոկոմոտիվային դեպոյի բակում:
Մեկնաբանել