
Երիտասարդ մոդելավորող. «Երազում եմ այն օրվա մասին, երբ պոդիումի կվերածենք Գյումրիի մայթերը»
1998թ. Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվեց հագուստի մոդելավորման ամբիոնը: Նորաբաց ֆակուլտետում դիմորդների սակավությունը լավագույն կանխատեսումների տեղ չէր թողնում: Ղեկավարությանը չէր ոգևորում անգամ այն հանգամանքը, որ 4 դիմորդից մեկը տղա էր:
Չորս համարձակներից Սիրանույշ Վարդանյանն, ավարտելով ակադեմիան և ստանալով կարի մասնագետի որակավորում, մնաց դասավանդելու հարազատ բուհում: Մյուս երեք դիմորդները ևս բարեհաջող աշխատանքի տեղավորվեցին մոդելավորման ասպարեզում: Երրորդ սերնդի շրջանավարտներն արդեն տասն էին, ու նրանցից հինգն աշխատում են իր մասնագիտությամբ:
«Այս տարի բակալավր ունենք 19 հոգի և 6 հոգի մագսիտրատուրայի ուսանող, անցած տարի թիվն ավելի մեծ էր՝ 25 հոգի բակալավր և 5 հոգի մագիստրատուրայի ուսանող: Ամեն տարի մոդելավորման բաժնի համար մրցույթ է եղել: Երբեք թափուր տեղեր չենք ունեցել,- հպարտանում է մոդելավորման ամբիոնի երիտասարդ դասախոս Տաթև Հարթենյանը:- Սա էլ է, բնականաբար, խոսում մեր ամբիոնի և մասնագիտության պահանջվածության մասին»:
Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի մոդելավորման բաժնում |
Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Տաթև Հարթենյանը 2005թ., ավարտելով հագուստի մոդելավորման բաժինը, ակադեմիայի ղեկավարության կողմից 2006թ. ակադեմիայում աշխատելու հրավեր է ստացել: Մոդելավորման բաժնի ուսանողները վերջին տարիներին աշխատանքի տեղավորվելու հարցում խնդիրներ չեն ունենում, ասում է Տաթև Հարթենյանը՝ բերելով իր օրինակը: Դժվարը սկիզբն էր, երբ աշխատանքի փնտրտուքը շրջանավարտներին մղում էր դեպի մայրաքաղաք կամ արտերկիր:
«Հիմա մեր ուսանողների համար աշխատանքի առաջարկ կա թե Գյումրիի Մանկավարժական ինստիտուտից, թե արհեստագործական ուսումնարանից, թե դպրոցներից, թե մասնավորից: Երևանում աշխատանք փնտրողներն ևս գտնում են այն, ինչ կբավարարի իրենց, կան նաև արտերկրում հաջողության հասածներ: Օրինակ, ինձ համար մայրաքաղաք տեղափոխվելը թեև հնարավոր, սակայն երբեք հրապուրիչ տարբերակ չի եղել: Մշտապես ցանկացել եմ աշխատել ու ստեղծագործել Գյումրիում,- պատմում է Տաթև Հարթենյանը:- Վերջերս մեր քաղաքում երկու-երեք մոդելավորման կենտրոն է բացվել, և մեր մասնագետներից լավագույներն աշխատանքի հրավեր են ստացել: Մենք էլ ենք փորձում մեր շրջանավարտների համար տեղում աշխատանք գտնել: Նախկինում մեր մասնագիտության գծով պահանջարկ չկար, իսկ հիմա կա, ու դա ուրախացնող է»:
Տաթևը համաձայն չէ այն մտքին, թե գյումրեցիները գերադասում են հիմնականում թուրքական և չինական ապրանքանիշի հագուստներ: Գյումրին ծայրահեղությունների քաղաք է, և ինչպիսին քաղաքն է, այնպիսին էլ մարդիկ են: Քաղաքում շրջելիս նույն այդ թուրքականի ու չինականի ֆոնին կհանդիպես ինքնատիպ ոճային և գունային լուծումներով հագուստների սիրահար երիտասարդների:
Տաթև Հարթենյան | Անահիտ Հարությունյան |
«Ասենք, ինչպես մի ժամանակ Երևանում Բրյուսովի ուսանողներն էին կտրուկ տարբերվում մյուս բուհերի ուսանողներից, այդպես էլ մեր բաժնի ուսանողներն են հիմա Գյումրիում անմիջապես ճանաչվում իրենց ոճային հագուստներով, իրենց պահելաձևով, վարքագծով: Արվեստագետի խառնվածքն իրենն ասում է, ու որքան էլ դու այն թաքցնես, մի տեղից անպայման դուրս կլողա»,- բացատրում է Տաթև Հարթենյանը:
Ըստ Տաթևի՝ Գյումրին իր անբացատրելի ձգողականությամբ և արվեստագետներ ծնելու կարողությամբ թերևս անգերազանցելի է: Այս քաղաքում ապրելու, ստեղծագործելու, հաջողության ու ճանաչման հասնելու համար պիտի նախ հաղթահարես կարծրատիպերը: «Պիտի բավական համարձակություն ունենաս, որ քո երևակայության ու մտքի արգասիքից ծնունդ առած հագուստով հայտնվես քաղաքի փողոցներում»,- Տաթևը ծիծաղում է:
Առայժմ բավարարվում են տարին մեկ անգամ՝ Թանգարանների միջազգային օրը, Ձիթողցյանների թանգարանի բակում կազմակերպվող մոդելների բացօթյա ցուցադրությամբ:
«Դեֆիլե ենք կազմակերպում հանդիսատեսի համար մեր լավագույն հավաքածուներից: Չորրորդ տարին է, որ ունենք պայմանավորվածություն թանգարանի տնօրինության հետ, որ թանգարանային գիշերվա բացումը ազդարարվում է մեր մոդելավորողների հագուստների ցուցադրությամբ: Իհարկե, մեր ուսանողների աշխատանքները ցուցադրելու այլ առիթներ էլ են լինում: Երազում եմ այն օրվա մասին, երբ պոդիումի կվերածենք Գյումրիի մայթերը: Մեր ֆոնդում մենք հիմա բավական հաջողված գործեր ունենք: Բուհը ավարտողներն իրենց դիպլոմային աշխատանք հանդիսացող զգեստներից մեկը թողնում են ամբիոնին: Հետո, երբ տարբեր առիթներով ցուցադրություններ են կազմակերպվում, մենք դրանք անպայման բեմ ենք հանում, հեղինակներին էլ հրավիրում ենք»,- ասում է Տաթև Հարթենյանը:
Հագուստի ցուցադրություն Գյումրիում |
Հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի, 21-ամյա Մարինե Սողոյանն ու մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, 22-ամյա Գայանե Մկրտչյանն արդեն աշխատանք ունեն: Հագուստի մոդելավորում առարկան են դասավանդում Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում: Աղջիկների համոզմամբ՝ Գյումրիում մի փոքր դժվար է լինելու իրենց ասպարեզում գործունեություն ծավալելը:
«Որպեսզի կարողանանք ստեղծել մեզ համար հեռանկարային ինչ որ բան, նախ պիտի հաշվի առնենք ժողովրդի սոցիալական վիճակը,- ասում է Մարինե Սողոյանը:-Շատ քչերն են, որ ցանկություն ունեն ոճային, տարբերվող զգեստներ պատվիրել: Անգամ հարսանյաց հանդեսների գնալիս բավարարվում են շուկայից կամ խանութներից գնած հագուստով: Բայց որպեսզի պատվերներ ունենանք, մենք էլ պիտի կայանանք, մեր մասին էլ պիտի իմանան»:
Չնայած առկա դժվարություններին՝ Մարինեն ցանկություն չունի լքելու հարազատ քաղաքը: Վերջերս աշխատանքի առաջարկ էր ստացել Ռոստով քաղաքից, սակայն մերժել է: Իսկ ահա Գայանեն պատրաստ է լքել Գյումրին: «Կգնամ Երևան, որտեղ ավելի բարձր են վարձատրում,- անկեղծանում է Գայանեն,-հնարավորություն ունեմ նաև Մոսկվա տեղափոխվելու»:
23-ամյա Մարգարիտա Մալխասյանն, ով այս տարի ավարտում է մագիստրատուրայի 2-րդ կուրսը, հասցրել է ամուսնանալ և արդեն փոքրիկի է սպասում: Ամուսինը նկարիչ է, սկեսրայրը՝ նույնպես: Գյումրիից որևէ այլ բնակավայր արվեստագետ ամուսինները ցանկություն չունեն տեղափոխվելու:
Հագուստի ցուցադրություն Գյումրիում |
Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հարությունյանը հայրենի քաղաքում ապագա գործունեություն ծավալելու որևէ հեռանկար չի տեսնում: Հագուստներ ստեղծելիս ոգեշնչվում է երաժշտական գործիքների սիլուետներից: Վերջին հավաքածուն կոչել է «Միգել»՝ ի պատիվ իր կիթառի:
«Դե, քանի որ ես աղջիկ եմ, որոշեցի, որ կիթառս տղա է, ու կոչեցի Միգել: Ես 4 տարի սովորել եմ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, բայց գժի նման կիթառ էի սիրում: Մոդելավորման ասպարեզն ընտրել եմ՝ առանց մի վայրկյան կասկածելու ընտրությանս հարցում: Երկու տարի առաջ կիթառ նվեր ստացա ու որոշեցի անպայման նվագել սովորել: Ես նոտաները չգիտեմ: Նվագում եմ լսողությամբ և ակորդներով: Երազում եմ այն օրվա մասին, երբ իմ ստեղծած հագուստներով մոդելները բեմ կբարձրանան իմ նվագակցությամբ»,- ասում է Անահիտ Հարությունյանը:
Նա ևս, ինչպես Գայանեն, հնարավորության դեպքում կփորձի իր մոդելավորման ասպարեզում ձեռք բերած հմտությունները կիրառել Հայաստանից դուրս: «Ապագայի նկատմամբ այնքան էլ վստահ չեմ, թե առաջընթաց կունենամ Գյումրիում: Դեռ կոնկրետ ծրագրեր չունեմ, բայց մտածում եմ, որ դրսում ավելի մեծ հաջողություն կունենամ: Իմ ստեղծած հագուստները կրելի են: Դրանք այնքան էլ բեմական չեն, անցյալ հավաքածուիս մեջ դաշնամուրի ստեղներն էի օգտագործել, իսկ այս հավաքածուի մեջ՝ կիթառի լարերն ու գրիֆը: Ես պատվերներ ունեցել եմ երաժշտական միջոցառումների կազմակերպիչների կողմից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ պատահական պատվերներով ոչ կարող ես հաստատվել այս քաղաքում, ոչ էլ առաջ գնալ»,- խոստովանում է կիթառահար-մոդելավորողը:
Մեկնաբանել