HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Մեկնարկը սկսվում է Վանաձորում». Նախախորհրդարան

Նախախորհրդարանն այսօր Վանաձորի Արցախ պուրակում կայացած հանրահավաքի ժամանակ ներկայացրեց իր նպատակն ու ծրագրերը: Իրենց իսկ բնորոշմամբ, Նախախորդարանի կազմում մարդիկ են, ովքեր «իրենց կյանքը մի քանի անգամ տվեցին հանուն ազգի ու ժողովրդի ու պետականության, մի քանի անգամ բանտ նստեցին, դուրս եկան», որոնց թվում` արցախյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչի ասպետ» Ժիրայր Սեֆիլյանը:

Ինչպես նշեցին բանախոսները, Նախախորհրդարանը քաղաքացիական, նաև քաղաքական միավորում է, որը նպատակ ունի փոխել Հայաստանում տիրող համակարգը, հասնել իշխանափոխության և Սահմանադրության 2-րդ կետի կիրարկման, ըստ որի` ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Վանաձորում հանրահավաքի համար ընտրվել էր այս օրը, քանի որ 95 տարի առաջ նաև այստեղ` Ղարաքիլիսայում` այսօրվա Վանաձորում էր որոշվում Հայաստանի ճակատագիրը:

«Նախախորհրդարանը ժողովրդական, այլընտրանքային իշխանության առաջին փորձն է, ժամանակավոր կառույց է, որից հետո ընտրելու ենք հիմնադիր ժողով, հիմնադիր խորհրդարան և բոլոր հարցերը լուծելու ենք ոչ թե 4-5 հոգով, օտար տերերի կամքով, այլ հանրաքվեներով»,-իր ելույթում նշեց Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով` համախմբումը սոսկ կոչ չէ, այլ հստակ գործողություն, ուստի` դիմելով հանրահավաքի մասնակիցներին` հորդորեց անդամագրվել պայքարին: «Եթե հավատում եք ինքներդ ձեզ, համաձայն եք մեր տեսակետին, այստեղ` պուրակում, սեղաններ են դրված,  սեղանների վրա աջակիցները ստորագրություններ են հավաքում այն մարդկանց, ովքեր պատրաստ են կազմել դիմադրության այն օղակները, այն ճակատը, որով մենք դիմակայելու ենք երկիրը օկուպացրած զավթիչներին, այդ խունտային, որը փորձում է մեզ ծնկի բերել»,-ասաց Տ. Խզմալյանը:

Հարություն Մեսրոբյանն էլ նշեց պայքարի կազմակերպման հաջորդական քայլերը: Ըստ նրան` նախ պետք է ինքնակազմակերպվել և կազմակերպվել գյուղերում և քաղաքներում, ապա ստեղծել կառավարման ինքնուրույն կառույց: «Ամենաերկար ճաապարհը չի սկսվի, եթե չես անում առաջին քայլը: Առաջին քայլը գնում է ողջ Հայաստանով: Գյումրիում արդեն ստեղծվել է համակարգող խումբ, որը սկսելու է կազմակերպել և կանոնակարգել ալիքը, որը բարձրանում է: Մեկնարկը սկսվում է Վանաձորում, շուտով Վանաձորում էլ կլինի նման օղակ: Ամբողջ Հայաստանը, ամբողջ սփյուռքը պետք է դառնա բարձրացող ալիք: Եվ եթե մինչև հիմա մենք վախենում էինք ուրիշ ալիքներից, ժամանակն է եկել, որ ուրիշները վախենան մեր ալիքից»,-ասաց Հարություն Մեսրոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter