
Ծիրանի բերքահավաքից հետո. «Գյուղում մեռյալ վիճակ է, գյուղացին այսօր չկա, գոյություն չունի»
Արմավիրի մարզում ծիրանի բերքահավաքի ակտիվ շրջանն է, սակայն տարվա սկզբին ակնկալվող առատ բերքն այս տարի էլ գյուղացիները չստացան: Իսկ ստացված բերքի որակը մթերող ընկերությունների սրտով չէ, քանի որ կարկտահարության հետեւանքով կորցրել է ապրանքային տեսքը: Այս օրերին շուկայում ծիրանի կիլոգրամը վաճառվում է 300-500 դրամով, իսկ կարկտահարված ծիրան մթերում են 80-100 դրամով: Գյուղացիներն էլ ստիպված կամ համակերպվում են գործարարների թելադրած խաղի կանոնների հետ եւ «ջրի գնով» հանձնում մթերող ընկերություններին, կամ էլ ստիպված ծիրանը կոճահան են անում եւ չիր են պատրաստում:
Լենուղի գյուղում 2 օր է, ինչ սկսել են ծիրանի բերքահավաքը: Գյուղապետ Գեղամ Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրենց բնակիչների զգալի մասի եկամուտը ծիրանն է, եւ ակնկալիքները, որ ստացված բերքով կկարողանային ոտքի կանգնել, կարկտահարությունից հետո գյուղացիներին հուսահատության է մատնել: Գյուղի այգիները 100 տոկոսով կարկուտից վնասվել են, ինչը նշանակում է, որ լենուղեցիները եւս գործարարների «նվագի տակ են պարելու»:
Գյուղում ակնկալվում է ստանալ մոտ 100 տոննա բերք, եթե կարկուտ չլիներ, բերքը կլիներ 3 անգամ ավելի շատ: Գյուղացիները վարկերի տակ են, եւ գյուղապետ Գեղամ Ղազարյանն ավելի շատ մտահոգված է հենց այս փաստով, թե ինչպես են մարդիկ փակելու բանկերի հետ ունեցած պարտք-պահանջները:
«Ամբողջ գյուղը վարկերի տակ է, մատերի վրա կարելի է հաշվել այն գյուղացիներին, որոնք վարկեր չունեն: Վերցրած վարկերն էլ կապված է գյուղատնտեսական մթերքների արտադրության հետ: Գյուղում մեռյալ վիճակ է, գյուղացին այսօր չկա, գոյություն չունի»,- ավելացրեց համայնքապետը:
Մարզի մեկ այլ համայնքում՝ Դաշտ գյուղում արդեն ավարտվել է ծիրանի բերքահավաքը, որովհետեւ բերքը քիչ էր: Այստեղ էլ ծիրանի բերք չեն ստացել այգիների ծաղկման ժամանակ մեկ շաբաթ անընդմեջ տեղացող անձրեւների հետեւանքով: Դաշտում մոտ 20 հա ծիրանի այգի կա: 2 տարի առաջ գյուղացիները հանձնել են մոտ 120 տոննա բերք, իսկ այս տարի 10 անգամ քիչ՝ 10 տոննա:
Դաշտի գյուղապետ Հրանտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե գյուղացիները բերքի իրացման խնդիրներ չեն ունեցել, հենց այգիներից 1-2 արկղով շրջիկ վերավաճառողները 200-350 դրամով տարել են:
Վտանգի տակ է հայտնվել նաեւ սեղանի սորտի խաղողի բերքը: Գյուղի այգիներում տարածված է ժանտախտ հիվանդություն, որին գյուղացիները «չոռ» են ասում:
Հրանտ Պետրոսյանի ասելով` գյուղացիները թունաքիմիկատներով փայքարում են հիվանդության դեմ, սակայն անօգուտ:
Արմավիրի մարզպետարանի գյուղվարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ գարնան սկզբին իրենք կանխատեսել էին ծիրանի 25 հազ. տոննա բերք, սակայն կարկտահարության հետեւանքով սպասվող բերքը մի քանի անգամ պակաս կլինի: Վարչությունից հայտնում են, որ իրենք այս օրերին ակտիվ աշխատում են հատկապես կարկտահարված գյուղերում, որպեսզի գոնե 70-100 դրամով գյուղացիները կարողանան իրացնել ծիրանը: Այդ գնով ծիրան մթերում են «Եվրոթերմ», «Արտֆուդ», «Բյուրակն» եւ այլ ընկերություներ:
Մարզպետարանը դարձյալ վաղ գարնանը կանխատեսել է, որ գյուղացիական տնտեությունները կստանան խաղողի 40-45 հազ. եւ դեղձի 10 հազ տոննա բերք:
Սակայն փաստ է, որ այսօր գյուղացիները ստանում են կանխատեսվածից մի քանի անգամ պակաս բերք:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել