
«Հմայակին տարան ու տարան, երկու երեխես դոշիս մնացին»
Հայրենական մեծ պատերազմում զոհված լեջանցի Հմայակ Ղազարյանի այրին` Սանամ Ղազարյանը, 98 տարեկան է: Նա պատմում է, որ 1941թ. Հմայակին Ստեփանավանի զինկոմիսարիատից 40 օրով էին տարել բանակ: Երկու օր էր մնացել, որ Հմայակը վերադառնա, երբ սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը. «Չորս տարվա ամուսնացած էինք, երբ պատերազմը սկսվեց, էն ինչ Հմայակին տարան ու տարան: Երկու երեխես դոշիս մնացին»,- պատմում է Սանամը, ով 1942թ. ստանում է ամուսնու «սև թուղթը»:
Պատերազմի ծանր տարիներին և հետայդու Սանամը մարտնչում է իր երեխաների գոյության համար: Նա գիշերը գորգ է գործում, իսկ ցերեկը աշխատում Լեջանի կոլխոզի խոզանոցում: Սանամին թեև հաջողվում է պահպանել իր ընտանիքի գոյությունը, այդուհանդերձ, պատերազմական տարիների իր տառապանքները անգամ խոր ծերության օրերին չի մոռանում: Այդ տարիներին կյանքի դժվարությունների դեմ միայնակ մարտնչող այրին կարողանում է գնահատել ու արժևորել օջախի գլխավորին` տղամարդուն և նեղանում է հարսներից, երբ որպես օջախի ավագ պղնձից ճաշը առաջինը իր ափսեի մեջ են լցնում: «Ասում եմ՝ առաջինը տղերանց ճաշը լցրեք»,- պահանջում է Սանամ տատը: Արդեն 100-ամյակի շեմին գտնվող Սանամ տատն իր ծերությունը իմաստավորում է 26 թոռների և հարսների խնամքով: Սակայն պատերազը և Հմայակը նրա համար անմոռանալի են:
Մեկնաբանել