
Աշոտ Սուքիասյանն արձագանքում է
Երեկ երեկոյան «Հետքի» էլեկտրոնային հասցեին գրություն է ուղարկել գործարար Աշոտ Սուքիասյանը: Նա խոստացել է առաջիկայում պատասխանել մեր հարցերին, իսկ մինչ այդ հրապարակում ենք «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի առնչությամբ Սուքիասյանի պատասխան գրությունը.
Հարգելի hetq.am-ի խմբագրություն.
Կարդացի Ձեր կայքում տեղադրված միակողմանի տեղեկությունը և շատ զարմանք ապրեցի: Երբ, որ Փայլակ Հայրապետյանն ինձ է վարկաբեկում, հասկանում եմ. մարդը իր գույքը գրավ է դրել ադամանդի բիզնեսի մեջ ու հիմա կորցրել է այն: Կորցրել է, որովհետև Աֆրիկայի Սիեռա Լեոնե Հանրապետությունում իմ գործընկերները ինձ հետ ազնիվ չեն վարվել և բառիս բուն իմաստով յուրացրել են ուղարկված միջոցներս, ինչի հետևանքով էլ վարկային պարտավորությունները չենք կարողացել սպասարկել: Ես հիմա Աֆրիկայում դատական գործերի մեջ եմ: Դրա մասին քաջ տեղյակ է Փայլակ Հայրապետյանը: Գիտեմ նաև, որ նա Աֆրիկայի իմ հակառակորդների հետ համագործակցել և համագործակցում է ինձ վնասելու և ինձ պատժելու համար: Բայց ոչինչ, իմ վերաբերմունքը հանդեպ Փայլակ Հայրապետյանի չի փոխվել, ես վերականգնելու եմ նրա վնասները:
Իհարկե գաղտնիք չէ, որ Փայլակ Հայրապետյանը իր շահն է ունեցել այս գործարքի մեջ, և բանկից ստացված վարկային առաջին գծի 1.000.000 ԱՄՆ դոլարից մոտ 860.000 ԱՄՆ դոլարը Փայլակ Հայրապետյանը մարել է իր պարտքերը, իսկ բանկի հետ խնդիրը ծագել էր հենց այդ առաջին վարկային գծից, որը տրամադրված է եղել մեկ տարի ժամկետով:
Ինձ անհանգստացնում է այն, որ Փայլակ Հայրապետյանը Ձեր խմբագրության միջոցով փորձում է վարկաբեկել այնպիսի պատվավոր այրերի, որոնք որևէ կապ չունեն այս գործարքի հետ: Եթե վարչապետը գործարարների ժողով է կազմակերպել, ինչպես Փայլակ Հայրապետյանն է պնդում, որպեսզի Հայաստանում ներդրումները խթանի, և գործարարներից մի քանիսը խնդիրներ են ունեցել, ապա վարչապետն ինչ մեղք ունի:
Ես ծրագրել էի մեծ ներդրումներ կատարել հայրենիքում, որոնց արդյունքում Հայաստանում մտադիր էի բացել օրիորդաց դպրոց, մտադիր էի ստեղծել մի հիմնադրամ, որը ադամանդե հանքից ստացված օգուտներով երիտասարդ զույգերին կտրամադրեր անտոկոս երկարաժամկետ փոխառու միջոցներ բնակարաններ գնելու համար: Իհարկե ես սա ուզում էի նվեր անել մեր պետությանը և մեր ազգին, և հիմա պատշաճ չէ դրա մասին խոսել, այն էլ այս կարգավիճակով, երբ ձախողվել է այս ծրագիրը:
Ես հայտարարում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը կապ չունեն WLISPERA HOLDINGS LIMITED կազմակերպության հետ և իմ որևէ բիզնես ծրագրին մասնակից չեն: Հետք-ի հաղորդած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Աշոտ Սուքիասյան
Լուսանկարը՝ hraparak.am-ի
Մեկնաբանություններ (27)
Մեկնաբանել