Գազի գնի թանկացումը հնարավոր է կանխել օրենսդրական ճանապարհով. Կարեն Վարդանյան
«Միջոցառման անորոշ կարգավիճակը` մեկ աշխատանքային քննարկում, մեկ հանրային լսում, մեկ պարզ չէ, թե ինչը հնարավորություն է ընձեռում դա կազմակերպողին, ըստ իր ցանկության, ըստ չակերտավոր նպատակահարմարության` մատուցել ամեն ինչ իրեն անհրաժեշտ սոուսով և, եթե հարկ լինի, ասել, որ հանրային քննարկում եղել է, եթե ոչ` ասել, որ, գիտեք, դա միայն աշխատանքային քննարկում էր»,- ասուլիսի ժամանակ այսպիսի գնահատական տվեց քաղաքացիական ակտիվիստ Կարեն Վարդանյանը գազի գնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ կազմակերպած քննարկմանը:
Հիշեցնենք, որ այդ քննարկումն այդպես էլ չկայացավ, իսկ ակտվիստների որակմամբ` տապալվեց. քննարկմանը հրավիրված քաղաքացիական ակտիվիստները դժգոհել էին, որ տրամադրված սենյակը չափազանց փոքր էր, չկային բարձրախոսներ, և նման պայմաններում հնարավոր չէր աշխատել:
Կարեն Վարդանյանը հայտնեց, որ այսօր իրենք` «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, կառավարության աշխատակազմի ղեկավարի անունով հանձնելու են դիմում, որով պահանջելու են գազի գնի շուրջ քննարկման համար տրամադրել կառավարության նիստերի դահլիճը, որի տարողունակությունը բոլորին է հայտնի, և որտեղ բոլոր նրանք, ովքեր դիրքորոշումներ ունեն հայտնելու հանրային կարևորության այս հարցի շուրջ, կարողանան ներկա գտնվել:
Ըստ ակտիվիստի, հանգամանքների բերումով կամ նախորդ կառավարությունների որդեգրած դիրքորոշումների մեղքով ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալ հնարավոր է օրենսդրական ճանապարհով. ընդամենը պետք է որոշակի փոփոխություններ կատարել «էներգետիկայի մասին» և «Օտարերկյա ներդրումների մասին» օրենքներում, դիվերսիֆիկացնել որոշակի առումով դաշտը, և, ըստ այդմ, այլընրանքային լուծումների հնարավորություն ստանալ, իսկ քանի դեռ դա չի արվել, շարունակելու ենք դոփել տեղում:
Մեկնաբանել