HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում տեղի կունենա ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումների կազմակերպչական հարցեր:

Հունիսի 18-ին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, որին նախատեսվում է Կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Ստաայի, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության եւ տարածաշրջանների պալատների նախագահների ու ներկայացուցիչների մասնակցությունը:

Հաջորդ օրը` հունիսի 19-ին կկայանա «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողով, որի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ` «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակացության», «Մասնակցային մոդել. ուղիղ եւ ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակացության նոր ձեւեր» թեմաներով:

Փոխվարչապետը կարեւորեց, որ միջոցառմանը, բացի Կոնգրեսի բյուրոյի նիստի մասնակիցներից, հրավիրվեն նաեւ միջազգային եւ տեղական փորձագետներ, հայաստանյան ոլորտային հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկվեցին նաեւ աշնանը Երեւանում նախատեսվող ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպման նախապատրաստման եւ անցկացման հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն արդեն սկսեն նախապատրաստական աշխատանքները եւ գործընկերների հետ համաձայնեցնեն հանդիպման ծրագիրն ու օրակարգը:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter