Դեռ չծնված երեխան նույնպես պաշտպանության կարիք ունի
Այն, որ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, ամենևին չի նշանակում, որ միայն այդ օրը պետք է պաշտպանել նրանց: Սա պարզապես հիշեցում է, որ երեխաները պաշտպանության կարիք ունեն մշտապես: Ընդ որում, դեռ չծնված երեխան նույնպես պաշտպանության կարիք ունի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում սա կարելի է դիտարկել որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում:
ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային վարակը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և նորածնին կրծքով կերակրելիս: Հղիության ընթացքում ՄԻԱՎ-ը կարող է պտղին փոխանցվել, երբ ընկերքը բորբոքված կամ վնասված է: Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով: Կրծքով կերակրվելիս նորածինը կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով:
Որևէ կանխարգելիչ միջոցառում չիրականացնելու դեպքում ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային վարակի փոխանցման հավանականությունը տատանվում է 25-45%-ի սահմաններում, այսինքն` վարակվում է երեխաների գրեթե մեկ երրորդը: Մինչդեռ համալիր կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը նվազեցնել մինչև 1-2%:
Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման բաղադրիչներն են` հղիության ընթացքում մոր կողմից հակառետրովիրուսային դեղերի ընդունումը, հղիության 38-րդ շաբաթում կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը, ծնվե-լուն պես հակառետրովիրուսային օշարակներով նորածնի 4 շաբաթյա կանխարգելիչ բուժումը, կրծքով կերակրելուց հրաժարումը:
Արդյունավետ կանխարգելման կարևոր նախապայմաններից է հղի կնոջ մոտ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերումը: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր հղիներն անցնեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն՝ հղիության հնարավորինս վաղ ժամկետում: Ցանկալի է այդ անել հղիության կապակցությամբ կանանց կոնսուլտացիա առաջին այցելության ժամանակ:
Ցանկալի է, որ հղի կնոջ զուգընկերը ևս հետազոտվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ, անգամ այն դեպքում, երբ կնոջ հետազոտության արդյունքը լինի բացասական: ՄԻԱՎ-ը կարող է չփոխանցվել յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ: Դա նշանակում է, որ զուգընկերներից մեկի վարակված լինելու դեպքում մյուսի հետազոտության արդյունքը կարող է լինել բացասական: Սակայն վարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունները շարունակվելու դեպքում չվարակված զուգընկերը նույնպես կվարակվի ՄԻԱՎ-ով:
Երեխային ՄԻԱՎ-ից պաշտպանելու լավագույն ուղին այն է, որ ապագա ծնողները խուսափեն վարակից` պահպանելով ժուժկալություն մինչև ամուսնությունը, զերծ մնալով թմրամիջոցների ներարկային գործածումից և օգտագործելով պահպանակ ռիսկային սեռական կապերի ժամանակ, երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը:
Նաև անհրաժեշտ է, որ երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք ամուսնությունից կամ հղիություն ծրագրելուց առաջ անցնեն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն իրենց կարգավիճակը ճշտելու համար, քանի որ շատ հաճախ հենց ապագա ծնողների` ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակի մասին անտեղյակությունն է դառնում երեխայի վարակման պատճառ:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են ռիսկային սեռական կապեր առանց պահպանակի, երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով, ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկեր, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C, կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով:
Շատ կանայք, հատկապես ամուսնացածները, սխալմամբ կարծում են, թե ՄԻԱՎ-ով վարակման վտանգն իրենց չի սպառնում: Սակայն այսօր, երբ ՄԻԱՎ վարակի համաճարակն ընդգրկել է ամբողջ աշխարհը, ոչ ոք ապահովագրված չէ վարակից. ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից, ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով, և սոսկ ամուսնացած լինելը ՄԻԱՎ-ով չվարակվելու երաշխիք չէ: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կանայք վարակվել են իրենց միակ զուգընկերոջից` ամուսնուց:
Առողջ երեխայի ծննդյան հարցում հատկապես կարևոր են տղամարդկանց դիրքորոշումն ու պատասխանատու վարքագիծը: Շատ ընտանիքներում տղամարդու ՄԻԱՎ-ով վարակված լինելը պարզվում է միայն այն ժամանակ, երբ նրանից վարակված կինը պատրաստվում է մայր դառնալ, քանի որ հիվանդությունը երկար տարիներ՝ միջինը 8-10 տարի կարող է ընթանալ առանց ակնհայտ արտաքին դրսևորումների: Չնայած ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրը, սակայն վարակվելու հավանականությունն առավել մեծ է այն մարդկանց համար, ովքեր դրսևորում են ռիսկային, այսինքն ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ: Կնոջը (զուգընկերուհուն), հետևաբար նաև ապագա երեխային ՄԻԱՎ վարակից հուսալիորեն պաշտպանելու համար հարկավոր է ունենալ անվտանգ վարքագիծ, խուսափել արտամուսնական սեռական կապերից:
Եթե ապագա ծնողները նախքան ամուսնությունը կամ հղիություն ծրագրելն անցնեն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, համոզվեն, որ վարակված չեն, դրանից հետո էլ պահպանեն փոխադարձ հավատարմություն, կարող են վստահ լինել, որ իրենց երեխաներն առողջ կլինեն:
Դեռ չծնված երեխան նույնպես պաշտպանության կարիք ունի: ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման միջոցառումների իրականացումը հնարավորություն կտան պաշտպանելու նրան ՄԻԱՎ-ից:
ՀՀ-ում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ունեցող բոլոր հղի կանանց:
ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2), նաև Երևանի և մարզերի կանանց կոնսուլտացիաներում, հակատուբերկուլոզային, մաշկավեներաբանական, նարկոլոգիական դիսպանսերներում, որոշ պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ: Հետազոտության արդյունքների գաղտնիությունը երաշխավորվում է:
ՁԻԱՀ-ի կենտրոնում հետազոտությունը կարող է կատարվել անանուն:
ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի պատասխաններ կարելի է ստանալ նաև «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության միջոցով՝ 61-08-20, ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժ. 09.00-18.00:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել