
Երևանում մեկնարկեց ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը (լուսանկար)
Այսօր Երևանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը, որն անցկացվում է նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ երկրների արտգործնախարարների 123-րդ նիստում, Հայաստանը ստանձնեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, որը կիրականացնի առաջիկա 6 ամսում:
ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի կազմում է 60 գործիչ՝ վեհաժողովի նախագահը և նախագահի տեղակալները, քաղաքական խմբերի ղեկավարներ, ազգային պատվիրակությունների ղեկավարներ և հանձնաժողովների նախագահներ:
Այսօր ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը բացեց մշտական հանձնաժողովի նիստը: Այնուհետև նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Այսօր Եվրոպայի համար լրաջագույն մարտահրվեր է անհանդուրժողականությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ԵԽ-ն պետք է առավել գործուն գործադրի իր տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմը՝ անհանդուրժողականության, այլատյացության և ռասիզմի խնդիրները լուծելու համար:
«Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ և ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իր ելույթում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն առաջիկա 6 ամսում առաջին շարքում է լինելու «Եվրոպայի ժողովրդավարական զարգացմանը նպաստելու մեր ընդանուր ջանքերում»:
Խորհրդարանականներն այնուհետև սկսեցին հարցեր ուղղել Էդվարդ Նալբանդյանին:
Նիստի օրակարգային հարցերից են՝ ազատազրկման այլընտրանքների խթանումը, ծնողական արձակուրդը որպես գենդերային հավասարության խրախուսման միջոց, 2014-2015 երկամյակի ընթացքում Եվրոպայի խորհրդի բյուջեներն ու առաջնահերթությունները:
Ըստ ԵԽ Երևանի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության՝ բացի վերոնշյալ թեմաներից՝ ԵԽԽՎ միացյալ եվրոպական ձախերի խումբը (United European Left (UEL) Group) խնդրել է կազմակերպել բանավեճ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Եվրոպայի խորհրդի հնարավորությունները աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը» խորագրով:
Մշտական հանձնաժողովի նիստի առթիվ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Մեկնաբանել