HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է այս տիկնոջ հովանավորը

Ձեզ հետ խոսելը, ՄԱՐԴԻԿ, անհրաժեշտություն է դարձել ինձ համար: Ուզում եմ կիսել մտքերս, նաև՝ լսել Ձեզ: Օրեր առաջ «Նուբարաշենի» կլոր բանտում ստացա իմ երկրորդ գիրքը՝ «Զուգահեռ աշխարհում»: Չեմ կարող բառերով փոխանցել զգացածս: Առաջինն, ինչ աչքս շոյեց, գրքի շապիկի վրայի լույսն էր ու քիչ ներքևում «գտիր» բառը: 17 տարի է փնտրում եմ դեպի ցմահ ազատություն, դեպի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ գնալու բանալին:

Հիմա համոզված եմ՝ անշահախնդրությամբ, մարդասիրությամբ, անտարբերությանը «ո՛չ» ասելով, միավորվելով՝ հնարավոր է անհնարն անել: Բանտում ստացա նաև գրքիս շնորհանդեսի տեսագրությունը, շատ հրապարակումներ, ռադիոհաղորդումներ: Եթե միայն կարողանայիք կողքից տեսնել, թե ոնց էի երեխայի պես ուրախանում…հուզվում: Նորից ու նորից շնորհակալություն բոլորիդ, որ այդքան կրքոտ ցավել գիտեք: Իմացա նաև, որ նույն օրը գրքիս 100 օրինակ վաճառվել է, նպատակը, գիտեք, աշխատանքի հնարավորություն չունեցող բանտարկյալիս օգնել, որպեսզի վճարվի իմ՝ 37-ամյա ապագա իրավաբանիս ուսման վարձը:

Ձեզ հուսախաբ չեմ անի: Ամեն օր արթնանում եմ՝ երևակայելով, թե համալսարան եմ գնում, 2 ժամ թույլ են տալիս համակարգչով կարդալ, պատրաստվում եմ քննություններին: Գիտեմ նաև, որ շուտով, Աստծո հաջողությամբ, կտպագրվի իմ երրորդ գործը, այս անգամ թարգմանություն: Ռուսերեն եմ թարգմանել սովետական բանտում 23 տարի տառապած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպը:

Ստեղծագործելու հետ մեկտեղ, 23 ժամ փակ դռան հետևում, չեմ կարող չմտածել մեր անարդար արդարադատության մասին: Անձամբ ես արդեն չեմ կարող հիշել, թե քանի դատական պրոցես եմ սկսել իմ ընտանիքի ու փաստաբանների հետ: 17 տարի շարունակ պնդում եմ, որ ընդամենը մեկ ցուցմունքով /այն էլ՝ 4 անգամ փոփոխված/ եմ 20 տարեկանում դատապարտվել մահապատժի /2003-ից ցմահ բանտարկություն/, բայց համակարգը անդրդվելի է: Ես՝ նույնպես… 

Վարդան Սեդրակյանի գաղտնի միսիան 

Վերջերս բանտի մի աշխատակից մոտեցավ ինձ, կիսակատակ-կիսալուրջ բարևներ փոխանցեց էպոսագետ Վարդան Սեդակյանից: Հետո լրիվ լուրջ՝ ասաց. «Գիտե՞ս՝ ինքն իր բոլոր քայլերը պլանավորել էր: Բայց բանտում հայտնվելու իրական պատճառը Դավիթի որդի Մհերին Ագռավաքրից դուրս բերելն է»: Քիչ էր մնում մտքերի մեջ ընկնեի: Զրուցակցիս ասացի, որ հոդված եմ գրելու մեր զրույցի մասին, չառարկեց, միայն խնդրեց անունը չհրապարակեմ: Խոստացա… 

Նախագահական ընտրություններն արդեն հետևում են, սակայն էպոսագետի հետ կապված արդեն ոչ այդքան հետաքրքիր պատմությունը, դատական նիստերի տեսքով, շարունակվում է: Ո՞ւմ էր պետք Սասունցի Դավիթ հայկական էպոսը քաղաքական դաշտ բերել, հենց էպոսագետի միջոցով կանխորոշել վախճանը և այժմ բեմադրության ձևով ցուցադրել ժողովրդին: Հոգեբանական գաղտնի տեխնոլոգիաներից անտեղյակները միգուցե այստեղ չտեսնեն քողարկված՝ կոտրող, ջարդող ազդեցություն ազգային արժեքների նկատմամբ: Երևի չգտնվի մի հայ, ով պանիր կերած չլինի, չիմանա՝ ինչ է լավաշը կամ Սևաանա լճի մասին գոնե լսած չլինի:

Նույնպես շատերը գիտեն հայկական էպոսի մասին: Բայց չեմ զարմանա, որ ազգային մշակույթը վերացնելու ծրագրի շրջանակներում մի օր Սասունցի Դավթի արձանն էլ քանդեն: Իսկ մինչ այդ մարդկանց հիշողության մե՛ջ է պետք վարկաբեկել, նվաստացնել, փորձել ջնջել ազգայինը: Միգուցե հենց այս նկատառումներից ելնելով էլ՝ առաջ քաշվեց էպոսագետ նախագահի թեկնածուն, ում միջոցով հիմա կամա, թե ակամա ազգայինը վերածվում է խեղկատակի: Փաստորեն ժողովրդին այդ միջոցով ինչ-ինչ ուժերի կողմից ցուցադրվում է ազգայինի անզորությունը: 

Ժողովրդագրական աղետ 

Այս արտահայտության մասին շատ է խոսվում: Օրերս լսեցի, թե միջազգային ինչ-ինչ օրենքների համաձայն, եթե Հայաստանի բնակչության թիվը, տնտեսական պատճառներից ելներով, կտրուկ նվազի, հասնի 1 մլն-ի, ապա պետությունը կճանաչվի սնանկ և մեզ կներվի միլիարդավոր արտաքին պարտքը: Իբր սա է պատճառը, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որ հեռանանք մեր երկրից: Միջազգային իրավունք նոր եմ ուսումնասիրում, և դժվար է ասել, թե նման կարծիքն ինչքանով է համապատասխանում իրականությանը:

Փաստն այն է, որ բնակչության թիվը կտրուկ նվազում է, իսկ մնացողներն էլ գերադասում են ապրել Երևանում, սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Հասարակական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղի պատերազմի մասնակից Զորի Բալայանը ժամանակին մտահոգություն էր հայտնել, որ երկրի բնակչության մեծամասնությունը կենտրոնացնելով մայրաքաղաքում՝ հիանալի թիրախ է պատրաստվում թշնամու համար: Մեր ժողովրդագրութունն օրերս էլ ծաղրի առարկա դարձրեց Ադրբեջանի նախագահը՝ ասելով, որ Հայաստանից տարեկան 80-100.000 մարդ է արտագաղթում, իսկ իրենք՝ ադրբեջանցիները նապաստակների պես են բազմանում: 

Ցմահ դատապարտումն ու  Ջհանգիրյանը     

Ժողովրդագրական աղետի թեմայից չեմ հեռանա: Կգրեմ բանակի մասին: Թվում է՝ ցմահ բանտարկված մարդուն էլ ոչնչով չես ցնցի, բայց սևանցի զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երևան բերելու տեսարանները ցնցել են հոգիս, ու չեմ կարող չգրել: Մի ամբողջ զորք էր դուրս եկել Սևանի մայրուղի, որպեսզի չթողնի վշտից ու անարդարությունից զայրացած տղայի հարազատներին գալ Երևան՝ Կառավարության շենքի դիմաց: Նույն օրը հաղորդեցին, որ Լյուքսի վրա, իբր, կրակել է զինակից Դավիթ Խաչատրյանը: Խնդրում եմ, մի՛ շտապեք մի երիտասարդի հետևից մյուսի ճակատագիրն էլ խեղել: Դեռ չկա դատավճիռ, մի՛ շտապեք մարդուն մարդասպանի պիտակ կպցնել՝ անկախ նրանից կա ինքնախոստովանական ցուցմունք, թե ոչ:

Գիտենք, թե ինչպես են կորզվում դրանք: Սևանցի զինվորի դին դեռ հողին չհանձնած՝ բանակում զոհվեց ևս մի զինվոր, այս անգամ ասացին, թե էլեկրահարումից, հետո՝ ևս մեկը: Շատ եմ գրել, որ ցմահականների խցերը լի են 18-21 տարեկան նախկին զինվորներով: Շատերը 90-ականների կեսերից այստեղ են: Շատերին այստեղ ուղարկած նախկին զինդատախազ Ջհանգիրյանը /այդ թվում և Մատաղիսի գործով 3 զինվորներին/ այսօր էլ սխալմամբ կարծում է, թե խիստ պատիժը կանխարգելիչ նշանակություն ունի:

Պետությունը բանակում կարգուկանոն հաստատելու փոխարեն, միայն հետևանքն է փորձում վերացնել, այսինքն՝ պատժում է խիստ ու վերջ:  Նման կերպ մտածողները թող աչքերը բացեն ու տեսնեն-հասկանան, որ 18-21 տարեկան երիտասարդներին ցմահ բանտարկելով՝ ո՛չ բանակում, ո՛չ էլ քաղաքացիական կյանքում սպանությունների թիվը չի նվազում և չի էլ կարող նվազել, քանի որ այդ տարիքի երիտասարդները պատկերացում անգամ չունեն դատա-իրավական համակարգի մասին, չգիտեն՝ ինչ պատիժներ կան, ո՞րն է առավելագույն պատժաչափը Հայաստանում:

Իմ կատարած ուսումնասիրություններց ելնելով՝ վստահեցնում եմ, հարգելի օրենսդիրներ, գործադիրներ, 18-21 տարեկան երիտասարդների համար, ովքեր երբևէ չեն առնչվել դատական համակարգի հետ, չունեն նախկին դատվածություն, պատժիչ մեքենայի խստության աստիճանը չունի և ոչ մի կանխարգելիչ ազդեցություն, քանի դեռ երկրի տնտեսական ու հոգեբանական վիճակը հանցագործությունների համար պարարտ հող են ստեղծում: Ակամա սկսում ես այս հարցում էլ տեսնել քողարկված մեխանիզմ, որի միջոցով բնակչության թվի կրճատումն են ապահովում, այսինքն՝ ստղծելով զարհուրելի պայմաններ բանակում, մի երիտասարդ սպանվում է, իսկ մյուսին էլ ցմահ փակում են բանտում: Երկու հայ երիտասարդերն էլ զրկվում են սերունդ տալուց:   

Շարունակում եմ տխուր ժողովրդագրության թեման 

Օրենսդրի, իրավապաշտպանների, դատավորների ու դատախազների դիտարկմանն  եմ ներկայացնում ուշագրավ մի փաստ: 2011 –ի մայիսի 25-ի օրենսդրական փոփոխություններից հետո, երբ որոշակի տարիներով առավելագույն պատիժը 15 տարվանից դարձավ 20, արդեն 1,5 տարի է՝ որևէ մեկը չի դատապարտվել պատժի առավելագույն չափի՝ ցմահ բանտարկության: Սա ամենևին չի նշանակում, թե կյանքի դեմ ուղղված հանցագործություններն են նվազել:

Փաստն արդեն իսկ վկայում է, որ այս փոփոխությունը ցմահ բանտարկության տեսանկյունից մեղմացում էր: Սակայն անհասկանալի պատճառներով դատարանները այն մեկնաբանեցին իբրև խստացում և մահապատժացմահականներից որևէ մեկի պատժաչափը չվերանայվեց, որևէ մեկը հետադարձ ուժով չստացավ 16, 17, 18… տարվա պատժաչափ:  Գալիս եմ մի զարհուրելի մտքի. ցմահ բանտարկյալների այսօրվա մեծ թիվը /104 ցմահ դատապարտյալ՝ ներառյալ 37 մահապատժի դատապարտված/ ակնհայտ ձեռնտու է իշխանություններին:

Չունենալով միջազգային նորմերին համապատասխան պայմաններ՝ անընդհատ եվրոպական կառույցներից խոշոր գումարներ են ստացվում: Վերջերս դարձյալ մեր պայմանները նույն միջազգային կառույցները անմարդկային էին որակել: Հասարակական կառույցներին գրանտակեր անվանելով՝ թաքցվում է, թե ինչ ահռելի գումարներ են պետական կառույցները ստանում նույն միջազգային կենտրոններից:

Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման համար ԵՄ տրամադրել է 60 մլն եվրո: Շատ կուզեի, որ այդ գումարներով սոցիալական-վերականգնողական լուրջ ծրագրեր իրականացվեին բանտում, հոգեբանների հաստիքները ավելացվեին, բանտարկյալները աշխատելու, գումար կուտակելու  հնարավորություն ստանային: Բայց, կներեք, որ թերահավատ եմ: Այս պարագայում աչքը Չտեսածից է վախենում:

Որոշ հրապարակումների համաձայն, դեռևս 2005 թ-ին Նուբարաշեի զբոսախցերի վերանորոգման նպատակով,  հատկացվեց 1 մլն-ից ավելի գումար, սակայն կես տարի էլ չանցավ զբոսախցերի հատակը քարուքանդ եղավ: Եթե համապատասխան վերահսկող կառույցները հաշվարկեն, թե իրականում ինչքան գումար է ծախսվում անորակ հացի, սահմանված նորմերից քիչ կամ ընդհանրապես չհատկացվող սննդամթերքի վրա, ապա կտեսնենք, որ բանտարկյալները, մասնավորաբար՝ ցմահ բանտարկյալները սոսկ միջոց են... ահա և Ձեզ իրական պատճառները, թե ինչու ցմահ բանտարկյալներից շատերի խիստ կասկածելի գործերը չեն վերանայվում, չի աշխատում ներման ինստիտուտը, Կառավարությունը հավանություն չի տալիս նույնիսկ ցմահ բանտարկության տարիքային շեմը բարձրացնելու նախագծին՝ հնարավորություն տալ գոնե 18-21 տարեկան երիտասարդներին 20 տարի պատիժը կրելուց հետո վերադառնալ հասարակություն:

Իսկ այն, որ բանտում, մեղմ ասած, վիճելի գործեր կան, սխալ դատվածներ ու անմեղներ, կասկած չունեմ: Այն, ինչ տեղի է ունեցել ինձ հետ 17 տարի առաջ, ստիպում է ինձ չհավատալ ծախու արդարադատությանը: Սա գրում է մարդ, ով ապրած տարիների մոտ կեսն անցկացրել է անազատության մեջ և համակարգի անհոգի լինելը ներսից է տեսնում: Ես մեղավոր չեմ, որ 17 տարի է՝ Ֆեմիդա ասելիս այսպիսի պատկեր է աչքիս առաջ գալիս: Ահա նկարել եմ…ո՞վ է այս տիկնոջ հովանավորը… 

Մհեր Ենոքյան՝ Դավթի որդի
ցմահ բանտարկյալ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից,
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող 

Մեկնաբանություններ (4)

laura
Mher jan es 74 tarekan kin em.xostanum em ete kendani mnaci,qo azatutyan ory matagh kanem, apsos es vordis,da qo teghy chi......
Վեհարի
Եթե այս պահից արդարությունը հաղթի բանտում կհայտնվեն իսկական ավազակները /կաշառակերները, ընտրակեղծիքով իշխանությունը զավթած ցեղասպանության շարունակողները: Իսկ իշխանության մեջ կհայտնվեն Մհեր Ենոքյանի նման մտածողները:
andrey
Միշտ հետևում եմ լրատվամիջոցներում Ձեր հոդվածներին: Գրքի և շնորհանդեսի մասին էլ նոր իմացա: Անչափ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք չկորցնել Ձեր հավատը, հույսը: Դուք ավելի ակտիվ ու բովանդակալից եք ապրում, քան շատ ազատության մեջ գտնողներ: Շարունակում եմ հուսալ, որ մի օր Ձեզ կտեսնեմ մեր` ազատության մեջ գտնվողներիս կողքին
Առած
Անտեր մնաս դու բողազ, ինչ որ տեսնես կդողաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter