HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացավ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում  ներկայացվեց ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:  Նշվեց, որ  փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մարզերում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացմամբ եւ բխում է 2013թ. կառավարության գործունեությունն ապահովող ՏԿՆ միջոցառումների ծրագրից: 

Նախագծով նախատեսվում է բարձրացնել մարզխորհրդի գործունեության արդյունավետությունը, ընդլայնել քննարկմանը ներկայացվող հարցերի շրջանակն ու կանոնակարգել նիստերի անցկացման հաճախականությունը, ինչպես նաեւ դրանք առավել հրապարակային ու մասնակցային դարձնել:  

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հեղինակներին առաջարկեց լրամշակել  փաստաղթուղթը` հաշվի առնելով տարածքային կառավարման հիմքում ընկած մոտեցումները, առավել գործուն մեխանիզմներ ստեղծել մարզխորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաեւ ընդլայնել գործառույթների շրջանակը:

Կոլեգիային ներկայացվեցին նաեւ ՀՀ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները` 2013թ. մայիսի 1-ի դրությամբ:  Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95, 4 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 14 տոկոս է:  Աճ է արձանագրվել նաեւ հողի հարկի եւ գույքահարկի մասով. հողի հարկի կատարողականը կազմել է  77,5 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 28 տոկոսով, գույքահարկի կատարողականը  99,7 տոկոս է, աճը կազմել է 11,3 տոկոս: Գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ թեեւ աճել է 5,5 տոկոսով` կազմելով 83,2 տոկոս, այդուհանդերձ, որոշ մարզերում ցուցանիշի նվազում է գրանցվել:  Փոխվարչապետը ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին հանձնարարեց համապատասխան ուսումնասիրություն  իրականացնել` պատճառները բացահայտելու համար: 

Անդրադարձ եղավ նաեւ Սեւան եւ Մեղրի քաղաքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի հարցին: Փոխվարչապետը ՏԿ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին հանձնարարեց հարցը քննարկել մարզպետների եւ քաղաքապետերի հետ եւ առաջարկել միջոցներ ձեռնարկել պարտքերը մարելու ուղղությամբ: Նա անթույլատրելի համարեց համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված 2,3 մլրդ դրամ պարտքը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ մարվել է:

Քննարկվեցին նաեւ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին հողի հարկի եւ ջրի վարձավճարի փոխհատուցման գործընթացի հետ կապված հարցեր:  Ա. Գեւորգյանը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին եւ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետին աշխատել համայնքների ներկայացուցիչների հետ եւ սեղմ ժամկետներում ներկայացանել համապատասխան շահառուների ցուցակը` աշխատանքները ժամանակին իրականացնելու համար:

ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կոլեգիայի անդամներին  տեղեկություններ ներկայացրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում նախատեսվող` տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված երեք խոշոր միջոցառումների մասին: Նա առանձնահատուկ կարեւորեց հունիսի 19-ին Երեւանում անցկացվելիք «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որին հունիսի 18-ին նախորդելու է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը:  Հայաստանը վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք  սահմանող Ուտրեխտի արձանագրությունը եւ համաժողովին հանդես կգա որպես այդ սկզբունքը կարեւորող երկիր:

Երրորդ միջոցառումը նախատեսվում է աշնանը. Երեւանում կկայանա ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը:

Վ. Տերտերյանն անդրադարձավ նաեւ այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովին` նշելով, որ այն ամփոփելու է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ այս մակարդակում առկա համագործակցությունը եւ քննարկելու է փոխգործակցության խորացման հնարավորությունները:  Համաժողովի հիմնական թեմաները վերաբերելու են գյուղատնտեսության  եւ զբոսաշրջության զարգացման հեռանկարներին:

Ներկայումս համագործակցություն է ձեւավորված Հայաստանի եւ Ֆրանսիայի 24 համայնքների եւ 5 մարզերի ու ռեգիոնների միջեւ: Հայ-ֆրանսիական առաջին համաժողովն անցկացվել է 2010թ-ին` Երեւանում: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter