
Լեհական Բելաստոկը եւ Գյումրին քույր քաղաքներ են հռչակվել
Լեհաստանի հանրապետության Բելաստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Երկօրյա այցը կազմակերպվել է Հայաստանում լեհական դեսպանատան շնորհիվ: Նպատակը երկու քաղաքների միջեւ համագործակության համաձայանագիր ստորագրելն է:
Գյումրին եւ Բելաստոկը կդառնան քույր քաղաքներ: 300 հազար բնակչություն ունեցող լեհական Բելաստոկում ինչպես եւ Գյումրիում մեծ ուշադրություն է դարձվում հատկապես մշակույթի եւ սպորտի զարգացմանը:
Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ ամենայն հավանականության հենց այս ուղղություններով էլ կլինի համագործակցությունը: Սամվել Բալասնյանը լեհական կողմին տեղեկացրեց, որ վերջին շրջանում բավական ակտիվացել են չինական կողմի հետ շփումները ու ակնկալիքներն այդ համագործակցությունից շոշափելի են լինելու: Նա հույս հայտնեց, որ հայ-լեհական համագործակցության պտուղներն եւս չեն ուշանա:
Գյումրու քաղաքապետը լեհական պատվիրակության ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու հունիսի 30-ից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» հռչակվելու առթիվ կազմակերպվող միջոցառումներին: Իր հերթին Տադեուշ Տրուսկոլասկին էլ Գյումրիի քաղաքապետին հրավիրեց սեպտեմբերին Բելաստոկում կայանալիք տեղական ինքնակառավարմանը նվիրված կոնֆերանս գիտաժողովին մասնակցելու:
Վաղը հայկական եւ լեհական կողմերը կստորագրեն Գյումրին ու Բելաստոկը քույր քաղաք հռչակելու վերաբերյալ համաձայնագիրը: Իսկ այսօր լեհ պատվիրակության անդամները կայցելեն Ժողովրդական ճարտաապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան, կլինեն նաեւ Մհեր Մկչտչյանի տուն-թանգարանում:
Մեկնաբանել