Մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ներկայացվեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ պարարտանյութի բաշխման գործընթացն արդեն հիմնականում ավարտվել է:
Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ֆինանսների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները համատեղ ուսումնասիրություն են իրականացնելու` ծրագրերի արդյունավետության, նպատակային իրականացման վերաբերյալ եւ հորդորեց մարզպետներին հետեւել, որպեսզի ծրագրերը ծառայեն բացառապես կառավարության կողմից սահմանված նպատակին:
Խորհրդակցությանը զեկուցվեց նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Նշվեց, որ ներկայումս իրականացվել է ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում, հետեւողական լինել որակի եւ ժամկետների հարցում:
Քննարկվեց նաեւ համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Ա. Գեւորգյանը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզպետների ուշադրությունը հրավիրեց Սեւան եւ Մեղրի քաղաքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի հարցին` առաջարկելով քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետներում խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Մարզպետները նաեւ տեղեկություններ ներկայացրեցին վերջին օրերին եղանակային վատ պայմանների, մասնավորապես, կարկտահարության հետեւանքով մարզերում առաջացած խնդիրների մասին: Արմավիրի մարզպետը զեկուցեց մայիսի 12-ին կարկուտից տուժած համայնքներին կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Ա. Գեւորգյանն առաջարկեց աշխատել ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ սեղմ ժամկետներում ավարտել շահառուների ցուցակների կազմման աշխատանքները` ծրագրի իրականացումն սկսելու համար:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել