Երեխաների շուրջ 42 %-ն ապրում է աղքատության, իսկ 4.7%-ը` ծայրահեղ աղքատության մեջ
Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Ըստ վիճակագրական ծառայության` 2011թ. տվյալներով մեր երկրում մինչեւ 18 տարեկան երեխաների 4.7%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 41.9%-ն` աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատ եւ աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 3.7 և 35.0%-ը: Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են ընդհանուր աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված:
Վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերի մեջ են մտնում, քանի որ ինքնուրույն աշխատել եւ իրենց կարիքները հոգալ չեն կարող: Նա նշեց, որ 2012թ. տվյալները դեռ պատրաստ չեն, դրանք կհրապարակվեն այս տարվա նոյեմբերին:
Նշենք, որ վերը նշված օրենքով` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Նրանց կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:
Պետության համապատասխան օգնությունը աղքատության նպաստն է, ինչը բավարար չէ երեխայի ֆիզիկական, հոգեւոր եւ մտավոր կարողությունների զարգացման համար:
Մանկական աղքատությունը տարբերվում է նաև ըստ տարածաշրջանների: Oրինակ`քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը 2011թ. կազմել է 6.1%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2.4%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը համապատասխանաբար` 41.6% եւ 42.5%-ի համեմատ:
Մանկական աղքատության ցուցանիշներն էապես տատանվում են` կախված տնային տնտեսությունում երեխաների թվաքանակից, կրտսեր երեխայի տարիքային խմբից, հաշմանդամ երեխաների առկայությունից, ինչպես նաեւ տնային տնտեսության գլխավորի բնութագրիչներից, այդ թվում` սեռից, կրթական մակարդակից եւ զբաղվածության կարգավիճակից:
Ըստ վիճակագիրների`բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: 2 կամ ավելի քույր կամ եղբայր ունեցող երեխաներն առավել խոցելի են թե’ ծայրահեղ, թե’ ընդհանուր աղքատության նկատմամբ: Մինչև 18 տարեկան 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 56.8%-ը, իսկ բազմանդամ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 8.8%-ը:
Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան 5 տարեկան է կամ ավելի փոքր: Նշված ընտանիքներում աղքատ է երեխաների 46.9 %-ը, մինչդեռ այն ընտանիքներում, որտեղ կրտսեր երեխան 15-18 տարեկան է, աղքատ է երեխաների 35.8 %-ը: Նմանօրինակ միտում նկատվել է նաեւ ծայրահեղ աղքատության գծի համեմատ կատարված վերլուծություններում:
Այս համատեքստում խոցելի են հատկապես հաշմանդամ երեխաները: Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում աղքատության ռիսկն ավելի բարձր է: Աղքատ է նրանց 64.8%-ը, իսկ 8.4%-ը` ծայրահեղ աղքատ:
Մանկական աղքատության վրա ազդող կարեւոր գործոններից է նաեւ տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի, այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է`46,0%, քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը`41.2%: Բացի այդ, ծայրահեղ աղքատության գծից ներքեւ նրանց հայտնվելու հավանականությունը 10%-ով ավելի մեծ է:
Տնային տնտեսության գլխավորի զբաղվածության կարգավիճակը նույնպես մանկական աղքատությունը կանխորոշող կարևոր գործոն է: Թե աղքատության, թե ծայրահեղ աղքատության ռիսկն ամենացածրն է այն տնային տնտեսություններում բնակվող երեխաների շրջանում, որոնց գլխավորը վերջին յոթ օրվա ընթացքում կատարել է շահութաբեր որեւէ աշխատանք: Այսպես, այն տնային տնտեսությունների երեխաների շրջանում, որոնց գլխավորն աշխատում է, աղքատությունը կազմում է 36.7%` չաշխատողների 48.2%-ի համեմատ:
Նշենք, որ բոլոր երեխաների 45.9%-ն է ապրում չաշխատող գլխավորով տնային տնտեսություններում: Աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնց տնային տնտեսություններում 19-60 տարեկան չափահաս անդամներից ոչ մեկը չի աշխատում:
Արագածոտնում աղքատության մակարդակը միջինից ամենացածրն է` 18 %, իսկ ամենաբարձրը Շիրակի մարզում է, որտեղ աղքատ են երեխաների 56 %-ը:
Երեւանում ծայրահեղ աղքատ է երեխաների 3.8 %, Արմավիրում` 5.6%, Լոռիում`6.8%, Կոտայքում` 8.1%, Շիրակում` 8.2%
Հայաստանում ծայրահեղ աղքատ երեխաների 57.8% ապրում է այնպիսի բնակտարածություններում, որտեղ տարածքի մակերեսը չի համապատասխանում 1 հոգու համար նախատեսված ստանդարտներին: Վատ լուսավորության պայմաններում են ապրում աղքատ երեխաների 16.4, իսկ ծայրահող աղքատների` 22.9%:
Աղքատ երեխաների 54.5%-ն ունի ջեռուցման պակասի խնդիր, իսկ ծայրահեղ աղքատների`65.8%:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել