HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ավագանու անդամին չեն ասում, թե որոնք են Վանաձորի 2 խաղատները

Վանաձորի ավագանու անդամներից միայն Արամ Խաչատրյանն էր դեմ համայնքի 2013 թվականի բյուջեի հաստատմանը: Ավագանու անդամը մեկնաբանում է, թե ինչ նկատառումներից ելնելով է դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Նախ, ըստ նրա, բյուջեն ծավալուն ծրագիր է, և նիստից առաջ օրենքով սահմանված մեկշաբաթյա ժամկետը բավարար չէ նախագծին ծանոթանալու համար:  Մասնագետների, քաղաքապետարանի բաժնի պետերի հետ համատեղ պետք է ուսումնասիրվեն խնդիրները, դասակարգվեն, նոր միայն բյուջեն դրվի քննարկման: Խնդիրներն էլ, ըստ նրա, պետք է բաշխվեն ըստ առաջնահերթության: Բյուջետային աշխատողների աշխատավարձի փոփոխության հետ կապված, օրինակ, Արամ Խաչատրյանն առաջարկում էր հարցը հանել օրակարգից և աշխատանքային կարգով ավելի հանգամանալից ուսումնասիրելուց հետո միայն անդրադառնալ դրան, և միգուցե, նրա խոսքով, հնարավոր լիներ ավելի բարձր աշխատավարձ սահմանել:

Բյուջեի նախագծի կետերից մեկն էլ վերաբերում էր համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաներին) և խաղատների` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվությանը, որոնք, ըստ նախագծի, 2-ն էին: Ավագանու անդամ Արամ Խաչատրյանն այդ հարցին էլ է դեմ քվեարկել, քանի որ չէր նշվում, թե կոնկրետ որ 2 օբյեկտների մասին է խոսքը: Դրանից հետո էլ ավագանու անդամին չի պարզաբանվել այդ հարցը: «Հետո նամակներ եմ ուղարկել քաղաքապետին, մինչև հիմա ինձ համար պարզ չէ` կոնկրետ որ հասցեներում են գտնվում այդ օբյեկտները, պատասխան չունեմ ես: Քաղաքապետարանը պնդում էր, որ 24:00-ից հետո ամբողջ զամբյուղից 2 օբյեկտ է աշխատում: Դժվար չէ ուսումնասիրել` 2-ն են, թե շատ: Բայց դեռ չեմ ուսումնասիրել, որովհետև նախ պետք է ճշտեմ` որ օբյեկտներն են, նոր դրանից հետո ուսումնասիրեմ` այդ 2-ից բացի քաղաքում էլի կան ժամը 24:00-ից հետո գործող, թե ոչ»,-ասում է Արամ Խաչատրյանը:

Վերջին ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր բյուջեի եռամսյակի հաշվետվությունը, Արամ Խաչատրյանի կողմից 2 օբյեկտների հարցը նորից բարձրացվեց: «Էլի չտրվեց պատասխան, թե որոնք են այդ 2 օբյեկտները: Նիստից հետո առանձնազրույց ունեցա քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Իսպիրյանի հետ, ասաց, որ 2-ը չեն, ավելացել են. բյուջեի հաստատումից հետո ավելացել են: Եթե 2-ը չէին, ավել էին, ինչու է եռամսյակային բյուջեի մեջ նորից գրված էր 2. արդեն հարց է ծագում»,-նկատում է ավագանու անդամը:

Օրակարգում հարց է եղել նաև Վանաձորի վերաբերյալ գրքի հրատարակության համար գումար հատկացնելու մասին: Բայց հենց նիստի ժամանակ պարզվել է, որ այդ գումարն արդեն փոխանցված է: «Եվ մենք ուղղակի պիտի թույլ տայինք, որ գիրքը պահուստից տային համապատասխան մարդկանց»,-ասում է Ա. Խաչատրյանը, ով այդ հարցին նույնպես դեմ է քվեարկել, բայց որը նույնպես ընդունվել է ընդհանուր քվեարկությամբ:

Ավագանու անդամին անհանգստացնում է քաղաքի փողոցների ասֆալտապատման հարցը:  Վերջին նիստից հետո անձամբ խոսել է քաղաքապետի հետ, խնդրել, որ ուշադրության դարձվի հատկապես որակին: «Դուք էլ նկատած կլինեք, որ ամեն տարի նույն տեղն ենք ասֆալտ անում` Տիգրան Մեծ, Վարդանանց, Թումանյան: Կառավարությունից 300 մլն դրամ է փոխանցվել, և նշվում է, թե կոնկրետ որ փողոցներն ու շենքերի տանիքները պետք է վերանորոգվեն, իսկ որ քաղաքի բյուջեով մենք պետք է անենք: Քաղաքապետը խոստացավ, որ ուշադորթւոյւն  կդարձնեն»:

Ա. Խաչատրյանի ուշադրության կենտրոնում են նաև գետերի հուների մաքրման աշխատանքները: Համայնքի բյուջեից 12 մլն դրամ է փոխանցված Տանձուտ և Փամբակ գետերի հունը մաքրելու համար: Ըստ ժամանակացույցի` աշխատանքները պետք է արվեին ապրիլի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, բայց մինչ օրս չեն արվել: «Գնացել եմ, բնակիչների հետ էլ եմ հանդիպել, անձամբ ծանոթացել եմ, մինչև այսօր աշխատանքներ չեն կատարվել: Գնացել եմ քաղաքապետի մոտ, խոստացավ, որ հուլիս-օգոստոս ամիսներին թե ասֆալտապատման, թե գետերի հուների կապված խնդիրները լուծված կլինեն»:

Ավագանու անդամն առաջարկում է իրենց  հաստատած կանոկարգի մեջ փոփոխություններ կատարել: Քանի որ բնակիչները շատ են դիմում խնդիրներով, ավագանու նիստերում օրակարգային հարցերը քննարկելուց առաջ կամ հետո լավ կլինի նաև անդրադառնալ այդ խնդիրներին: Պետք է վերանայվի նաև ավագանու նիստի վարման կարգը: Վարողից թույլտվություն վերցնելով` ավագանու անդամն իրավունք ունի 5 րոպե խոսել տվյալ հարցի շուրջ:  Ժամանակը սպառվելուց  հետո պետք է սպասի և մյուսների արտահայտվելուց հետո միայն շարունակի իր խոսքը կամ առաջարկություն ներկայացնի: Այդ կարգը Վանաձորի ավագանու նիստերում նույնպես չի պահպանվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter