HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Բադեյանն իր բաժնետոմսն օտարել է դստերը` իր իսկ օգնականին

Ինչպես տեղեկացրել էինք «Հետքի» «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» հոդվածի հիմքով Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով:

Հրապարակումից հետո որոշ պատգամավորներ մոտենում էին եւ արդարանում, որ երեխաներին աշխատանքի են ընդունել ժամանակավոր եւ շուտով նրանք տեղափոխվելու են այլ աշխատանքի: Սակայն պատգամավորների մեջ կան «ստաժավորներ», որոնք մի քանի տարի շարունակ օգնականի հաստիքով երեխաներին պահում են ԱԺ-ում եւ դրանից ամենեւին էլ անհարմար չեն զգում:

Օրինակ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան Ույուտի» սեփականատեր Մանվել Բադեյանը, ով մամուլի ասուլիսների ժամանակ հաճախ է խոսում արդարությունից, իր դստերը` Մարիամ Բադեյանին, մի քանի տարի շարունակ աշխատանքի է ընդունել որպես իր միակ օգնական:

Ուսումնասիրելով պատգամավորի ու նրա դստեր գույքի ու եկամուտների հայտարարագրերը` պարզվեց, որ Բադեյան ընտանիքն ամենեւին էլ պատգամավորի օգնականի 100 հազար դրամ աշխատավարձի հույսին չէ:

Մանվել Բադեյանը 2011թ. ձեռք է բերել 3 տնամերձ հողամաս` յուրաքանչյուրը 3 մլն 500 հազար դրամ արժողության, ինչպես նաեւ 49 մլն 275 հազար դրամով գնել է առանձնատուն` տնամերձ հողամասով:

Նույն տարում պատգամավորն օտարել է ընկերություններից մեկում ունեցած իր բաժնետոմսը` 56 մլն 457 հազար դրամ արժեքով: Ուշագրավ է, որ նա այդ բաժնետոմսը օտարել է հենց իր օգնական դստերը` Մարիամ Բադեյանին:

Մանվել Բադեյանը 2011թ. տարեվերջին իր հաշվին ունեցել է 408 մլն դրամ (տարեսկզբին եղել է 800 մլն դրամ), 812 հազար դոլար եւ 40 հազար եվրո:

Իսկ տարվա եկամուտը եղել է մոտ 34 մլն 555 հազար դրամ, որից պատգամավորական աշխատավարձը կազմում է 3 մլն 135 հազար դրամ, իսկ մնացածը` շահաբաժնից ստացածն է:

Ինչ վերաբերում է Մարիամ Բադեյանին, ապա նրա միակ եկամուտը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է` մոտ 1 մլն 166 հազար դրամ: Սակայն նրա հաշվին եղել է 230 հազար դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter