HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն ու մրցույթը

2013 թվականին ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Ելնելով մշակութային այս իրադարձության կարևորությունից` 2013թ. ընթացքում նախատեսվում է բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, միջոցառումներ, որոնք կմիավորվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ մեծ երաժշտի ծննդյան օրը։ Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Երևան կժամանեն թավջութակահարներ և երաժշտական աշխարհի հեղինակավոր հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին ընտրվել է որպես Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։ Հեղինակավոր երաժշտական այս կառույցին անդամակցումը նոր հեռանկարներ է բացում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի համար և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։ Այս մասին հայտնում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ինֆորմացիոն աջակիցներն են՝ «Պանարմենիան մեդիա գրուպ», Հանրային հեռուստատեսություն, «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Դար 21», news.am, 1in.am, slaq.am, arminfo.am, panarmenian.net, «Նովոստի Արմենիա», bravo.am, mardik.am, emporium.am, hayyer.com, eritasard.am, «168 ժամ», «Իրատես de facto», «Վեմ» ռադիո, Լրատվական ռադիո 106.5։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter