Եռակի տոն՝ Ջավախքում
Ջավախքում այսօր հանդիսավորությամբ նշեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու, երեխաների պաշտպանության միջազգային և 1918-ի Սաթխայի հերոսամարտ օրը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ նվիրված՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից հիշատակությանը: Պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր: Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ՝ Հայր Բաբգէն աբեղա Սալբիյանը հավատավոր ժողովրդին շնորհավորեց տոնի առթիվ և պատգամեց ամուր մնալ քրիստոնեական հավատքի մեջ:
Տոնական պատարագներ մատուցվեց Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հյուրընկալվեցին Գյումրիի պիոներ պալատի «Անի» պարային համույթի սաները: Այս ծրագիրն իրականություն դարձավ նախաձեռնությամբ և աջակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և Հայաստանի հանրապետության սփյուռքի նախարարության:
«Անի» համույթի սաները պարային գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Երաժշտական կատարումներով հանդես եկան Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի սաները:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը անակնկալ էր պատրաստել երեխաների համար: Մանուկներին այցելեցին իրենց սիրած հեքիաթների հերոսները՝ պարգևելով երջանիկ ժպիտներ: Չնայած անձրևային եղանակին՝ Սուրբ Խաչ եկեղեցու բակը լեցուն էր մանուկներով:
Ջավախքի հոգևոր առաջնորդ Հայր Բաբգէնն իր պատգամը բերեց երեխաներին. «Աստվածաշնչից մենք գիտենք, թե ինչքան ջերմություն ու սեր է տածում Տեր Հիսուս բոլոր մանուկների հանդեպ»: Ինչնես նաև Հայր Սուրբը մասնավոր աղոթք բարձրացրեց մանուկների համար Տիրոջից հայցելով քաջ առողջություն, անաղարտ ու բարեկեցիկ մանկություն, արժանավայել ու գիտակից կյանք:
Ջավախքի Դիլիսկա գյուղի եկեղեցին ևս լեփ-լեցուն էր փոքրիկներով: Գյուղի հոգևոր հովիվ Տեր Տիրգրան քահանա Մխիթարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ եկեղեցու խաչ քավորի, երեխաներին բաժանվեցին փուչիկներ և պաղպաղակներ: Ներկաներին նաև բաժանվեց Ամենայն Հայոց Հայրապետի դիմանկարները՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից: Մանուկների համար Եկեղեցում պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան Գյումրիի քաղաքապետարանի պիոներ պալատի «Անի» պարային համույթի սաները: Միջոցառում,նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, առաջին անցամ անցկացվեց Դիլիսկա գյուղում:
Նինոծմինդայի Սաթխա գյուղում ևս օրը տոնական էր: Գյուղի եկեղեցում մատուցվեց սգո պատարագ, նվիրված 1918-ի Սաթխայի հերոսամարտի անմեղ նահատակներին: Պատարագիչը Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանն էր: Պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը, ինչպես նաև բարձրաստիճան հուրեր Հայաստանից և Վրաստանից:
Պատարագի ավարտին Ջավախքի փոխանորդը, դիմելով եկեղեցում հավաքվածներին, ասաց. «Սաթխայի հերոսամարտը դասվում է Վանի, Սասունի ինքնապաշտպանության մարտերի շարքին: Հպարտ ենք քաջ սաթխացիներով, որ կարողացան իրենց կյանքի գնով փրկել հազարավոր մարդկանց կյանք: Սաթխան Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից մեկն է, որը խիզախորեն դիմադրեց թշնամուն և կարողացավ կասեցնել թուրքերի առաջխաղացումը»:
Սաթխայի հերոսամարտին նվիրված հանդիսավոր միջոցառումները անցկացվում են Սանոսյան ընտանիքի անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ:
Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել