HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը՝ վաղը

Հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է: (Հայտնի կդառնան «Հայ դասական երգ» անվանակարգի երկու տարիքային խմբերի և «ժողովրդական երգ» անվանակարգի մրցանակակիրները,  Հատուկ մրցանակի կարժանանան` «Կոմիտասի լավագույն կատարում», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողները, ինչպես նաև կհայտարարվի «Գրան պրիի» արժանացած մասնակիցը):

«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարումները հանրությանը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց գերազանց ձայնային տվյալներ ունեցող անհատների: 

Մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2012 թ. հունիսից: Ծրագրին հայտագրվել են Հայաստանի և Արցախի  14-36 տարեկան շուրջ 3000 պատանիներ ու երիտասարդներ: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ «Լսումներ» փուլում, ընտրվել են ձայնային տվյալներ ունեցողները: Ընտրված 800 մասնակցի համար կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսների կողմից և հանձնարարվել է հաջորդ փուլում ներկայացնել Կոմիտասի, հայ դասական, հայ ժողովրդական երգարվեստի գոհարներից: «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի կայքում տեղադրված ձայնադարանը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ներկայացված  երգերի պատմությանը և նոտաներին: «Մրցույթ» փուլում ընտրվեցին 300 մասնակից, իսկ 2013 թ. ապրիլ, մայիս ամիսներին կայացավ «Մարզային» փուլը, որտեղ իրենց երաժշտական ունակությունները լավագույնս ներկայացրեցին 153 պատանի ու երիտասարդ: Մայիսի 15-ից պրոդեսորադասախոսական անձնակազմի կողմից անցկացվեցին անհատական դասընթացներ:

Մայիսի 31-ից հունիսի 3-ը Երևանում ընթանում է «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի «Հանրապետական» փուլը, որտեղ իրենց ուժերն են չափում 153 պատանի ու երիտասարդ Հայաստանից և Արցախից:  Մասնակիցների համար կազմակերպվում են մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ:

Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանը, Լարիսա Մկրտչյանը, Գայանե Գեղամյանն ու Սամվել Գալստյանը: Հանձնաժողովի նախագահն է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության վաստակավոր նախագահ Դավիթ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն ծրագրի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը:

Մեկնաբանություններ (1)

Vars
shhatt urax enq vor verjapes kayachav amisner tevach ay mrcuyt paraton@ vochyunum em mer masnakicnerin gala ancac masnakicnerin maxtum em hajoxutyun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter