Ընկերությունները սխալ հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելով խուսափում են հարկեր վճարելուց
Վերահսկիչ պալատը բյուջետային եւ արտաբյուջետային մուտքերի ապահովմանը եւ դրանց օգտագործմանն ուղղված պետեկամուտների կոմիտեի գործառույթների նկատմամբ համապատասխանության եւ արդյունավետության նպատակով ուսումնասիրություն է իրականացրել:
Ուսումնասիրությունը ներառել է 2012թ. հունվարի 1-ից մինչեւ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնցից մեկը վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս-Գրուպ» ընկերությանը:
Ըստ Վերահսկիչ պալատի`արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից մաքսային մարմիններին ներկայացվող, ապրանքների ձեռք բերման փաստաթղթերի արժանահավատությունը ստուգվում է հետբացթողումային հսկողության իրականացման, հիմնականում այլ երկրների մաքսային մարմիններին ուղղվող հարցումների միջոցով:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավելացել է ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի կիրառմամբ, այն է` գործարքի գնով մաքսային արժեքի որոշման գործընթացը: Սակայն ստացված տեղեկությունները ցույց են տվել, որ ներմուծողների կողմից մաքսային ձևակերպումների համար ներկայացվող հաշիվ-ապրանքագրերի արժանահավատությունը շարունակում է պարունակել զգալի ռիսկեր`բյուջեի մուտքերի ապահովման տեսանկյունից:
Օրինակ`պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ն Բուլղարիայից ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 14.731 կգ քաշով 31.621 եվրո արժեքով սննդամթերք (1 կգ 215 եվրո), սակայն Բուլղարիայի մաքսային մարմիններից ստացված հաշիվ-ապրանքագրերի համաձայն՝ սննդամթերքի արժեքն իրականում կազմել է 47.064 եվրո (1 կգ 320 եվրո): Այսինքն՝ պատգամավորի ընկերությունն ապրանքները մաքսազերծել է ավելի էժան, ինչը ենթադրում է հարկերի քիչ վճարում:
Մեկ այլ` «Եվրո Էքս Կապիտալ» ՍՊԸ-ն Մոլդովայից բրիտանական կազմակերպության միջոցով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 12.286 կգ քաշով 27.668 եվրո արժեքով մանկական խանձարուրներ (1 կգ 2,25 եվրո), սակայն` Մոլդովայի մաքսային մարմիններից սատցված տեղեկությունների համաձայն՝ խանձարուրների արժեքն իրականում կազմել է 40.000 եվրո (1 կգ 3,25 եվրո):
Նույնը մեթոդով իրականացված խախտում արձանագրվել է «Պետրոլ Սերվիս» ՍՊԸ-ի դեպքում: Վերջինս Արգենտինայից ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 2 հատ 51.100 ԱՄՆ դոլար արժեքով գազի լցակայանի կոմպրեսորներ` իրենց լրակազմերով, սակայն Արգենտինայի մաքսային մարմիններից սատցված հաշիվ-ապրանքագրի համաձայն՝ կոմպրեսորների արժեքն իրականում կազմել է 223.640 ԱՄՆ դոլար (1 հատը 111.820 դոլար):
«Արտէքսիմ» ՍՊԸ-ն Ֆրանսիայից Հայաստան է ներմուծել 12 շիշ 5.326 եվրո արժեքով կոնյակ (1 շիշը 443 եվրո): Սակայն այդ երկրի մաքսային մարմիններից սատցված հաշիվ-ապրանքագրի համաձայն՝ ապրանքների արժեքը եղել է գրեթե կրկնակի թանկ`10.803եվրո (1 շիշը 900 եվրո):
2012թ. իրականացված թվով 54 հետբացթողումային հսկողության աշխատանքների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են բյուջե վճարման ենթակա 375 մլն դրամի մաքսային վճարներ, որից վերականգնվել է 297 մլնը:
2012թ. 36 օտարերկրյա պետության կատարված հարցումների թիվը կազմել է 220, իսկ 2011թ. 44 օտարերկրյա պետության ուղարկվել է 298 հարցում: ՀՀ արտաքին առեւտրում գրեթե 40% ծավալ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Չինաստանը, Իրանը, ՄԱԷ-ը, Թուրքիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Հնդկաստանը առհասարակ չեն պատասխանել իրենց ուղղված հարցումներին: Արդյունքում ստացվել է, որ հարցումների միջոցով չի ճշտվել ընդհանուր ներմուծումների ծավալի ավելի քան 40%-ի հետ կապված տեղեկատվությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել