«Էյ Թի Փի» հիմնադրամն ավարտել է ծառատունկի 39-րդ սեզոնը
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը վերջերս ավարտեց իր թվով 39-րդ ծառատունկի սեզոնը: Այս գարուն հանրապետության ամբողջ տարածքում տնկվեցին մոտավորապես 44000 ծառեր, այդ թվում` դեկորատիվ և պտղատու ծառեր, ինչպես նաև անտառվերականգնման նպատակով ավելի քան 10.000 տնկիներ Լոռու մարզում: «ԷՅ Թի ՓԻ» ԲՀ-ի կողմից 1994 թ. ի վեր տնկված ծառերի ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 4 մլն 268 հազար 516:
«Էյ ԹԻ ՓԻ» ԲՀ-ի Համայնքային ծառատունկ ծրագիրը աջակցում է գյուղական և քաղաքային համայնքերի բնակիչներին ` տրամադրելով ծառեր , որոնք տնկվում են այգիներում, հասարակական կազմակերպությունների տարածքներում ինչպես նաև Հայաստանի և Արցախի բազմաթիվ այլ տեղամասերում:
Այս գարուն ծառատունկ էր կազմակերպվել ավելի քան 111 տեղամասերում, որոնցից 20-ը նոր էին մեր կազմակերպության համար: Մեր կողմից վերջերս կանաչապատում իրականացված տեղամասերից են թանգարանի, դպրոցների, հիվանդանոցների, զորամասերի, եկեղեցիների և մանկատների բակերը և նրանց շրջակա տարածքները: Այս տարի առաջին ծառատունկը իրականցրեցինք Հաղարծինում, որտեղ տնկվեցին ևս 150 տույաներ, որոնք սքանչելի կերպով լրացնում են արդեն իսկ վանքի կանաչապատված տարածքը:
«Էյ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը տնկել է ավելի քան 2,144 ծառեր նաև Արցախում` մասնավորապես Մարտունու և Հադրութի ազատագրված շրջաններում տեղակայված զորամասերի տարածքներում, ինչպես նաև Բերդձորում: «Մեզ համար շատ կարևոր է ծառատունկ իրականացնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածներում»,- նշում է Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը :
Հատուկ ծառատունկ է իրականցվել նաև Պտղունք գյուղում տեղակայված «Լայթհաուս-Փարոս» հայ-ամերիկյան բարեգործական հիմնադրամի տարածքում, այդ թվում նաև Փյունիքում գտնվող ավետարանական եկեղեցու, Խարբերդի մանկատան, Գավառի պետական համալսարանի և մի շարք գիշերօթիկ դպրոցների տարածքներում:
Մեր գործընկերների և կամավորների աջակցությամբ կազմակերպվել էին նաև հանրային միջոցառումներ` նվիրված Երկրի օրվան: ՀՀ արտաքին գործերի նախարարության , ՄԱԿ-ի սերտ աջակցությամբ և մի շարք այլ դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպվեց առաջին միջոցառումը, որը տեղի ունեցավ Երևանի Ավան վարչական շրջանում: Այս միջոցառման ընթացքում տնկվեց ավելի քան 300 ծառ: Երկրի օրվան նվիրված հաջորդ միջոցառումը, որն անցկացվեց Ջրահովտի դպրոցի բակում, կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և հայ կամավորների միության հետ համատեղ :
«Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամի գործընկերների թիվը տարեց տարի աճում է: Մեզ են միացել Հայաստանում գործող ևս երկու ընկերություն, որոնց հովանավորության ներքո ծառատունկ է իրականցվել տարբեր տեղական համայնքներում: «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս» ընկերության հետ համատեղ Շահումյան գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում տնկվեց 300 ծառ , իսկ «Էլ-Թի-Էքս-Քրիդենս Սիսթեմս Հայաստան» ՍՊԸ-ի հետ Մայր Աթոռ Սորւբ Էջմիածնի տարածքում տնկվեց ևս 150 ծառ: Այս գարուն ընդհանուր առմամբ «ԷՅ Թի Փի» ԲՀ-ի «Համայնքային Ծառատունկ ծրագրի» շրջանակներում տնկվեց ավելի քան 28125 ծառեր:
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի SEEDS ծրագրի շրջանակներում Հայաստանի հյուսիսային գոտում գտնվող Լոռու մարզի Կողես համայնքում 5 հեկտար հողատարածքում տնկվեց ավելի քան 14973 տնկիներ: Նորաստեղծ անտառը հիմնականում հարստացվեց սոճու, հացենու, արոսենու, վայրի խնձորենու և տանձենու տնկիներով: SEEDS կամ «Սոցիալ, տնտեսական և բնապահպանական զարգացում հանուն կայունության» ծրագիրը կյանքի կոչվեց 2011 թ-ին և նպատակ ուներ կառուցել և զարգացնել նոր կարողություններ իր անտառվերականգնման ծրագրերում և միևնույն ժամանակ նոր մեթոդներ կիրառելու միջոցով հասնել ավելի լավ արդյունքների: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել