Գնումների աջակցման կենտրոնի պատասխանը «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»-ին
Անդրադառնալով մայիսի 31-ին «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հանրային գնումների մոնիթորինգի ծրագրի շրջանակում տարածված հաղորդագրությանը, հայտնում ենք հետևյալը.
ա) «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և դրանով սահմանված ժամկետներով,
բ) Ափսոսանք ենք հայտնում, որ նշված հեղինակավոր կազմակերպությունը հրապարակում է չստուգված, անարժանահավատ տեղեկատվություն՝ անհարկի ազդելով համակարգի հեղինակության վրա,
գ) Հույս ենք հայտնում, որ հետագայում, մինչև նման տեղեկատվության հրապարակումը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը այն կճշտի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Հատկապես կարևորում ենք, որ Գնումների աջակցման կենտրոնը մշտապես պատրաստ է եղել համագործակցել բոլոր հասարակական կազմակերպությունների, այդ թվում և «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ։
Հ.Գ. Ինչ վերաբերում է «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հաղորդագրության մեջ նշված դեպքին, ապա այդ առնչությամբ հայտնում ենք, որ «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի կողմից «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված բողոքի քննության ընթացքում հայց է ներկայացվել Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն իրավապարտադիր որոշում է կայացրել՝ կիրառել է հայցի ապահովման միջոց և կասեցրել է ընկերության բողոքի քննությունը։ Թույլ տրված անճշտության և չհիմնավորված տեղեկատվության հրապարակման համար ակնկալում ենք «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հրապարակային ներողությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել