HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը

Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլն ամփոփել է արդյունքները: Հունիսի 2-ին Արզնի ուսումնական օդանավակայանում կայացած մրցույթին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը և «Armdroid»-ը: Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300 գ բեռ և վերադառնում էին մեկնարկային կետ:

Ամենաբարձր միավորները հավաքել և մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500 հազար դրամ: 2-րդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400 հազար դրամ մրցանակի: 3-րդ տեղ զբաղեցրել է «Armdroid»-ը` 300 հազար դրամական մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը և «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի և ստացել 150 հազարական դրամական պարգև: 

Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը և հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն և թիրախների խոցում:

Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014 թ. մայիսին: «ԱրմՌոբոտիքսի» կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է նորարարական նախագծերի աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը, աջակիցները` պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter