20 հազար դոլար կաշառքից մինչեւ ոստիկանական ծեծ. ՀՔԾ հաղորդագրությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ քննիչին կաշառք տալու դեպքի առթիվ։
Ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզվել է, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ամբաստանվող որդու նկատմամբ դատավորի կողմից մեղմ պատժի նշանակումն ապահովելու նպատակով վերջինիս մայրը 2009թ. օգոստոսին 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչին։
Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն՝ միաժամանակ նշելով, որ այսօր քրեական գործ է հարուցվել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և կաշառք պահանջելու դեպքի առթիվ:
Այս տարվա մայիսի 29-ին Հատուկ քննչական ծառայությունում ստացվել է մարդու իրավունքների պաշտպանի գրությունն այն մասին, որ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված ապօրինությունների մասին:
Հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերի ընթացքում՝ 2013 թվականի մայիսի 31-ին, կալանավորը տվել է գրավոր հաղորդում՝ համաձայն որի 2013 թվականի մարտի 16-ին իր նախկին զոքանչի հետ վիճաբանության արդյունքում բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք, որտեղ նույն բաժանմունքի հերթապահի օգնականն իրեն ծեծի է ենթարկել՝ փորձելով կորզել խոստովանական բացատրություն, ապա նաև 100 լիտր բենզին՝ Բազումի բաժանմունքից ազատ արձակելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել