ՎՊ բացահայտումներից. Նուբարաշենի աղբավայրում չի լուծվել աղբի տեղադրման, վերամշակման և օգտահանման խնդիրը
Վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով Երևանի Նուբարաշենի աղբավայրում՝ 52.3 հա տարածքի վրա, ծրագրվել էր իրականացնել կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության հայ-ճապոնական նախագիծ, որի մասին քննարկումները ծավալվել էին դեռևս 2002թ.-ից: Ծրագրի պաշտոնական կողմեր են եղել Երևանի քաղաքապետարանը և ճապոնական «Շիմիձու» կորպորացիան:
Ի սկզբանե նախատեսվել էր տեղադրել 1.4 ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը պետք է աշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով, սակայն վերջնական արդյունքում ծրագրից էական շեղումներ են գրանցվել, և ներդրումների չափը նվազել է:
Ստուգումներն իրականացրել է Վերահսկիչ պալատը՝ պարզելու համար, թե թափոնների կառավարման ոլորտում լիազորված պետական կառավարման և ՏԻՄ-երի գործունեությունը որքանով է համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրերին:
Ներկայացված առաջարկություններով, ծրագրի իրականացման արդյունքում հայկական կողմը շահելու էր և բնապահպանական առումով և սեփական վերականգնվող հումքից կստանար էլեկտրաէներգիա:
Ըստ ծրագրի՝ էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված շահույթը պետք է հավասար բաշխվեր ծրագրի երկու կողմի միջև: Ըստ նախնական հաշվարկների՝ հայկական կողմի տարեկան հասույթը կազմելու էր մոտ 550 հազար ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար, որը պետք է կազմեր 16 տարի՝ շուրջ 8 մլն 800 հազար ԱՄՆ դոլար:
«Շիմիձու» կորպորացիան նախատեսել էր ներդնել 8 մլն 800 հազար ԱՄՆ դոլար: Առաջադրված ծրագրին դեռևս 2005թ. հավանություն էին տվել ՀՀ առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև առևտրի և տնտեսական զարգացման՝ ներկայիս էկոնոմիկայի նախարարությունը:
Բոլոր անհրաժեշտ համաձայնությունները ստանալուց հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ որպես ՀՀ ՄԶՄ-ի լիազորված մարմին, համապատասխան գրությամբ հաստատել է Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոններից կենսագազի ստացման և էլեկտրաէներգիայի արտադրության նախագծային փաստաթուղթը: Նախագիծը հաստատել են նաև Ճապոնիայի կառավարության կողմից լիազորված գերատեսչությունները:
Դրանից հետո «Շիմիձու» կորպորացիան նախաձեռնել է նախագծի միջազգային հաստատման գործընթացը, որի արդյունքում 2005թ. նախագիծը հաստատել ու գրանցել է ՄԶՄ-ի միջազգային գործառնական մարմինը:
Երևանի քաղաքապետարանի ու «Շիմիձու» կորպորացիայի միջև կնքվել է արտանետումների կրճատումների փոխանցման պայմանագիրը, սակայն հետագա աշխատանքների իրականացման համար համաձայնագրի կնքումը ձգձգվել է: Էկոնոմիկայի նախարարության խնդրանքով 2008թ. Համաշխարհային բանկի պատվերով գերմանական «Ֆիխտներ» ընկերությունը իրականացրել է դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է եղել գնահատել Երևանում կենցաղային թափոնների կառավարման առկա իրավիճակը, մշակել կոմերցիոն ռազմավարություն և տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն: Համաշխարհային բանկը «Ֆիխտներ» ընկերությանը տրամադրել է 475 հազար ԱՄՆ դոլար:
Էկոնոմիկայի նախարարությունը, հիմք ընդունելով Համաշխարհային բանկի կարծիքը, վերապահումներ է ունեցել ծրագրի իրականացման նպատակահարմարության առնչությամբ՝ մասնավորապես պատճառաբանելով, որ ճապոնական ընկերությունը կունենա մենաշնորհային դիրք Նուբարաշենի աղբավայրում, որը կսահմնափակի աղբահանության բնագավառում այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը: «Շիմիձու» կորպորացիան մի շարք բացատրություններ է տվել, որ իր նպատակը միայն աղբավայրում տեղադրվող աղբի օրգանական բաղադրիչն է, իսկ կառուցումից հետո ամբողջ համակարգն անհատույց փոխանցվելու է Երևանի քաղաքապետարանին: Սակայն բացատրություններն ապարդյուն են եղել. համաձայնագիրը չի հաստատվել, ու ծրագրի կատարումը հետաձգվել է:
Բազմաթիվ քննարկումների ու բանակցությունների արդյունքում այն մեկնարկել է միայն 2009թ. մարտի 10-ի Երևանի քաղաքապետարանի և «Շիմիձու» կորպորացիայի միջև կնքված «Նուբարաշենի աղբավայրում բիոգազի հավաքման աշխատանքների իրականացման մասին» համաձայնագրով, ըստ որի՝ նախապես ծրագրված նախագիծը կրճատվել է, և իրականացվել է միայն կենսագազի հավաքման և այրման ծրագիր՝ առանց էլեկտրաէներգիայի արտադրության:
Նուբարաշենի թափոնակուտակիչում կառուցված կենսագազի հավաքման և այրման համակարգի կառույցի սեփականության իրավունքն անհատույց փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին՝ 2 մլն 750 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Վերահսկիչ պալատն արձանագրում է, որ համաձայնագրի կնքման աշխատանքների ձգձգման և ծրագրի կրճատման արդյունքում Երևանը չի ստացել ակնկալվող տնտեսական, սոցիալական և սանիտարահիգիենիկ օգուտները, իսկ բնապահպանական տեսակետից օգուտները եղել են միայն մասնակի՝ ջերմոցային գազերի արտանետումների մասնակի կրճատման տեսքով:
«Նուբարաշենի աղբավայրում մինչ օրս չի լուծվել աղբի տեղադրման, վերամշակման և օգտահանման հիմնախնդիրը: Աղտոտման ծավալների հետագա ավելացումը հանգեցնում է անկանխատեսելի բնապահպանական հիմնախնդիրների, որոնց լուծումը տարեցտարի պահանջում և պահանջելու է ավելի մեծ ֆինանսական ներդրումներ, իսկ տվյալ դեպքում ՀՀ իրավասու մարմինների կողմից չեն ապահովվել ներդրումների լիարժեք իրականացումը և դրանց արդյունավետ օգտագործումը»,- արձանագրել է Վերահսկիչ պալատը:
Այսպիսով, Նուբարաշենի աղբավայրում «Շիմիձու» կորպորացիայի տեղադրած սարքի շահագործումը սկսվել է ակնկալվող ժամկետից 4 տարի ուշացումով, և նախատեսված 8 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն ներդրվել է 2 մլն 750 հազ. ԱՄՆ դոլար (նախատեսվածի 34 տոկոսը):
Ծրագրի բնապահպանական և սանիտարահիգիենիկ բաղադրիչներն իրականացվել են մասամբ և սահմանափակ՝ ընդամենը 7.5 հա-ում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել