Առողջապահության նախարարություն. «Մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել»
Դեղերի փորձագիտական կենտրոնը առողջապահության նախարարի հանձնարարությամբ շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները՝ ըստ ներկրող առանձին կազմակերպությունների:
Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։
2013 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես «Պրեստարիում 5մգ և 10մգ», «Պրեստարիում կոմբի արգինին», «Պրեստանս», «Նոլիպրել ֆորտե արգինին», «Դետրալեքս», «Պրեդուկտալ MR». «Էսենցյալե ֆորտե Ն», «Տաֆլոտան» դեղերի ինվոյսային գինը նվազել է 5%-ով, սակայն նույն ժամանակահատվածում դրանց մեծածախ գինն աճել է միջինը 6,4 %-ով:
Գների տատանումների հիմնական պատճառ կարող են լինել արտադրողի կողմից գների փոփոխումը, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը: Մինչդեռ վերջին երկու ամսվա ընթացքում ոչ արտադրողն է գները փոփոխել, և ոչ էլ արտարժույթի փոխարժեքն է էականորեն փոխվել:
Փորձագետների տվյալներով՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված դեղերի մեծածախ գների աճ չի արձանագրվել:
«Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում նկատվում է գների տատանումների աստիճանի համեմատական նվազում՝ կախված արտարժույթի փոխարժեքի կայունացման հետ: 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել