Շուրջ 9 հազար դիմորդ հանձնում է հայոց լեզվի և գրականության քննություն
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում մասնակցել է հայոց լեզվի և գրականության միասնական քննությանը: Ա.Աշոտյանը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ:
«Թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Նախապես մի շարք խնդրահարույց առաջադրանքներ շտեմարաններից հանվել են, և եթե այդ ամենից հետո թեստերում լինեն երկիմաստ առաջադրանքներ կամ, այսպես կոչված, քննական ծուղակներ, հավատացած եղեք, որ այդ հարցը լուծում է ստանալու հօգուտ ձեզ»,- դիմելով դիմորդներին՝ ասել է Ա. Աշոտյանը:
Նրա խոսքով՝ հայոց լեզվի և գրականության քննությունը բուհական ընդունելության ամենազանգվածային քննություն է և հանրային ընկալման մեջ ամենասպասվածն ու անհանգստացնողը: Այս քննության վերաբերյալ մասնագիտական վեճերը սովորաբար անխուսափելի են լինում, քանի որ մասնագիտական հանրույթը դժվարությամբ է գալիս ընդհանուր հայտարարի:
«Մասնագիտական վեճ էր ծավալվել, տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից: Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Քննական թեստը գաղտնի է և բացի խոստումից ու հավաստիացումից՝ այս պահին այլ բան վստահաբար հավաստելը դժվար է»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նա հավելել է, որ քանի դեռ քննությունը չի ավարտվել, իր համար նույնպես պարզ չէ, թե թեստն իրականում որքանով է հաջողված:
Ա. Աշոտյանը նշել է, որ հունիսի 1-ին անցկացված ռուսաց լեզվի քննության միջին գնահատականը եղել է 11 միավոր, և դժգոհություններ կամ բողոքներ դեռևս չկան:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ հայոց լեզու և գրականություն առարկայի քննություն հանձնում է շուրջ 9 հազար դիմորդ, քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոնում: Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ԿԳՆ պաշտոնական կայքերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել