
Սուրեն Խաչատրյանի որդին և թիկնապահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել
Հունիսի 1-ին Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց, տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Ս. Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանին և թեկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Խաչատրյանին և Զ.Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։
Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը, և նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել