
ՏՄՊՊՀ. «Հայջրմուղկոյուղին» սպառողին անհիմն զրկել է ջրամատակարարումից
«Ապակեմեկուսիչ» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողով՝ հայտնելով, որ «Հայջրմուղկոյուղին» անհիմն կերպով ջրազրկել է իրենց կազմակերպությանը:
Ընկերությունը նշել է, որ «Հարավային» մասնաճյուղի «Սևան» տեղամասն իրենց ներկայացրել է 2012 թ. մայիսի ջրի ծախսը, որը կազմում է 1272 խմ այն դեպքում, երբ սկսած 2005-ից՝ ընկերության միջին ամսեկան ծախսը չի գերազանցել 40-50 խմ-ը:
Պարզվել է, որ վերոնշյալ խնդիրն առաջացել է ցանցում առաջացած վթարի հետևանքով: Սակայն, առանց պարզելու վթարի հետևանքները, «Հայջրմուղկոյուղին» ապամոնտաժել է ընկերությանը պատկանող հաշվիչը, քանի որ վերջինս չի վճարել 1272 խմ ջրի դիմաց:
Հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դադարեցնելով ընկերության ջրամատակարումը՝ «Հայջրմուղկոյուղին» չարաշահել է գերիշխող դիրքը: Ի սկզանե սխալ են կատարվել ջրամատակարաման տեխնիկական միացումները, ինչն էլ վթարի պատճառ է եղել:
Հունիսի 4-ի նիստում ՏՄՊՊ հանձնաժողովի կայացրած որոշմամբ Ջրմուղը պարտավորվել է տեղադրել նոր հաշվիչ և վերականգնել ընկերության ջրամատակարումը: Ընկերությունը ընդունել է սխալը և պարտավորվել սեղմ ժամկետներում լուծել խնդիրը:
«Նկատի ունենալով իրավախախտման բնույթը, ինչպես նաև իրավախախտման փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի վրա՝ ՏՄՊՊՀ որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը տրվեց նախազգուշացում՝ հետագայում նման գործելաոճից զերծ մնալու հանձնարարականով»,- հայտնում է ՏՄՊՊհ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել