
ՄԻՊ. Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ դպրոցում հայտնաբերվել են կոպիտ խախտումներ
Մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու պաշտպանի՝ երեխաների հարցերով խորհրդականն օրերս այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ դպրոց:
Այցելության ընթացքում պարզվեց, որ թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսին բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը գնահատել է որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած, առողջ երեխաները սովորում են իրենց համար չնախատեսված դպրոցում:
Դպրոցի աշխատակիցների և երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվեց նաև, որ դպրոցի սաների մի մասը ստիպողաբար է ընդունվում այս դպրոց սովորելու' դպրոցում երեխաների թվաքանակն ապահովելու նպատակով, իսկ ծնողները, սոցիալական ծանր վիճակից դրդված, համաձայնում են այդ պայմաններին: Դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ' աշխատանքից ազատելու սպառնալիքով:
Բացի դրանից՝ դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին: Դեպքեր են անձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա: Իսկ երեխաների հետ շփումը ցույց տվեց, որ 6-րդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն:
Ավելին, ըստ ծնողների՝ շատ երեխաներ երկար ժամանակով բացակայում են դասերից, սակայն տնօրենի համաձայնությամբ այդ փաստը չի արձանագրվում, այդպիսով վերջինս ապահովում է դպրոցի գործունեության համար երեխաների անհրաժեշտ նվազագույն թվաքանակը, բայց միևնույն ժամանակ խնայողություն է անում բացակայող երեխաների հաշվին: Իսկ երեխաներն էլ հետագայում ավարտական վկայականներ են ստանում:
«Ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության վերաբերյալ. մի քանի անգամ նույնիսկ երեխաների մարմինների վրա կապտուկներ են հայտնաբերվել: Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ»,- նշված է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ աշխատակազմի՝ այն խախտումներն ու թերացումները, որ պաշտպանի աշխատակիցները արձանագրել են թիվ 1 հատուկ դպրոցում, բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Պատկան մարմինների բացթողումների և անուշադրության հետևանքով խախտվում են պաշտպանության առավել մեծ կարիք ունեցող երեխաների իրավունքները, ինչի արդյունքում խաթարվում են նրանց բնականոն զարգացումն ու հասարակության մեջ ինտեգրումը:
Մեկնաբանել