HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում կարմրուկի համաճարակ է. ՀՀ ԱՆ-ն Վրաստան մեկնողներին խորհուրդ է տալիս պատվաստվել

Հայաստանի հարևան երկրներում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է: Վրաստանում այս օրերին դիտվում է կարմրուկի համաճարակ: Համաձայն Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության 2013 թ. ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել է:

Հիվանդացման դեպքերից 2726-ն արձանագրվել է Թբիլիսիում, որից 830-ը հոսպիտալացվել է: Գրանցված դեպքերի 432-ի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Նշված ժամանակահատվածում մահվան ելքով գրանցվել է 2 դեպք' 11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է. 2007 թ.-ից հիվանդացման դեպքեր չեն գրանցվել: 2013թ. մայիսի 24-ին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի բերովի դեպք 5 տարեկան երեխայի մոտ, ով Վրաստանի բնակիչ է և ընտանիքի մյուս անդամների հետ հյուրընկալվում է Հայաստանում: Դեպքի կապակցությամբ իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ՝ հանրապետությունում կարմրուկի տարածումը կանխելու նպատակով:

Հաշվի առնելով ամառային օրերին ՀՀ քաղաքացիների ակտիվ տեղաշարժը դեպի Վրաստան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին և ակտիվ հանգստի մեկնողներին խորհուրդ է տալիս ուղևորությունից առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ՝ վարակվելուց զերծ մնալու և հանրապետություն հիվանդության ներբերումը կանխելու համար:

Կարմրուկով վարակվելու տեսակետից բարձր ռիսկի խումբ են նախկինում չհիվանդացած (կամ հիվանդացած, սակայն լաբորատոր հետազոտության չենթարկված) և կարմրուկի դեմ գոնե մեկ դեղաչափ պատվաստում չունեցող անձինք, հատկապես 15-29 տարեկանները:

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային համախտանիշով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է' գաղտնի շրջանի վերջին օրերից, ողջ կատառալ և որոշ չափով ցանավորման շրջանում:

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ չհիվանդացած և չպատվաստված անձանց մոտ համընդհանուր է. մոտենում է 100%-ի:

Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը խանգարվում է. բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են, լույսի նկատմամբ դառնում են ցավոտ: Մի քանի օր հետո մարմնի ջերմությունը նորից բարձրանում է մինչև 39-40 աստիճան: Հիվանդի վիճակը զգալիորեն վատանում է՝ դիտվում է ընդհանուր թուլություն, քնկոտություն, հրաժարում սննդից, ի հայտ է գալիս ցանը՝ սկզբում դեմքին, ապա տարածվելով ամբողջ մարմնի վրա:

Կարմրուկից մահացությունը պայմանավորված է բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբեր, կարմրուկային կրուպ՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ' էնցեֆալիտ, մենինգիտ, էնցեֆալոպաթիա:

«Կարմրուկի դեմ պայքարի միակ հուսալի և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանություններ (2)

marina
Inchu e petq patvastvel 4 shabat araj?Inch xorhurd ktaq,ete ajdqan jamanak chunenq? Ete chenq hishum patvastvac enq,te voch, kareli e patvastvel? hnaravor e krknaki patvastum?
jemma karapetyan
erexaners 9,4 tarekan en, ev 4,5 amsakan mekneju em hulisi 8 in inch petq eanem?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter