Շիրակի մարզում կա 41 հակակարկտային կայան. դրանք ավելացնելն անհրաժեշտ է
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ, Մեղրաշեն և Ազատան համայնքներում ծանոթացավ հակակարկտային կայանների վիճակին և հզորություններին:
Ա.Գևորգյանն այնուհետև Ազատանի համայնքապետարանում անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, մարզի հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարներ, կայանները շահագործող ընկերությունների պատասխանատուներ:
Քննարկվեցին մարզում արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության, ինչպես նաև նոր կայաններ տեղադրելու հնարավորություններին առնչվող հարցեր:
Մարզում առկա է ընդհանուր առմամբ 41 հակակարկտային կայան, որից 11-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մնացած 30-ը՝ այլ հիմունքներով: Շիրակի մարզում ևս ցանքատարածությունները և հատկապես հացահատիկի բերքը կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թիվն ավելացնելու անհրաժեշտություն կա:
Խորհրդակցությանը համայնքի ղեկավարները բարձրացրին նաև ոռոգման և խմելու ջրի համակարգերի ներտնտեսային ցանցերի արդիականացման, սահմանային գոտում գտնվող հողերի օգտագործման, գյուղմթերքի, մասնավորապես կարտոֆիլի, իրացման և ընթացիկ այլ հարցեր: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել