Գյումրիի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն այս տարի կազմել է 90%
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղավ Փանիկ համայնքում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվեց համայնքի ջրամատակարարման խնդիրը: Բնակիչները դժգոհեցին ինչպես ջրամատակարարման, այնպես էլ խմելու ջրի որակից: Ա.Գևորգյանը խոստացավ, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը կառաջարկվի այցելել համայնք և տեղում ուսումնասիրել խնդիրը:
Գյումրիում այնուհետև մարզպետի և Գյումրիի քաղաքապետի հետ փոխվարչապետը քննարկեց մարզում և քաղաքում իրականացվող ծրագերի ընթացքը: Քաղաքապետը նշեց, որ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների այս տարվա առաջին 5 ամսվա կատարողականը կազմել է մոտ 90 տոկոս:
Անդրադարձ եղավ նաև «Գլենդել հիլզ» ընկերության կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերին: Մասնավորապես, բարձրացվեց կառուցված շենքերը ենթակառուցվածքներով և բնակվելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովելու խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քաղաքաշինության նախարարության և շինարարական ընկերության ներկյացուցիչներին կառաջարկվի այցելել մարզ և տեղում քննարկել հարցն ու լուծումներ առաջարկել:
Փոխվարչապետին զեկուցվեց նաև Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնման ծրագրի ընթացքի մասին: Ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները շարունակվում են. այս փուլի ավարտին նախատեսվում է վերականգնել Գյումրիի ջրամատակարարման բաշխիչ ցանցի 50 տոկոսը և տարածքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագրի շրջանակում արդեն շուրջօրյա ջրամատակարարում ունեն Մարալիկ, Ախուրյան և Ազատան համայնքները: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել