2014թ. Հայաստանը պատրաստվում է անդամակցել Eurimages-ին
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդեն հինգերորդ տարին է հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները հնարավորություն են ունենում իրենց նախաձեռնությունները, կինոնախագծերը, նոր կինոառաջարկները, նաեւ արտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը ներկայացնել Կաննի փառատոնում գործող տասնօրյա կինոշուկայում, որտեղ Հայաստանը ունի մշտական տաղավար։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ փառատոնի շրջանակներում կազմակերպվող ամենամյա Կաննի կինոշուկայի օրերին` մայիսի 15-25-ը , Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը, բացի հայկական կինոնախագծերից, ֆիլմերից, ծրագրերից, առանձին աշխատանքներ է իրականացրել մի շարք կարեւոր միջազգային նշանակության կինոկազմակերպությունների հետ` համագործակցության եւ դրանց անդամակցելու ուղղությամբ, նախապես նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Կինոշուկայի առաջին իսկ օրերին, Ազգային կինոկենտրոնի տնօրեն, Կաննի հայկական պատվիրակության ղեկավար Գ.Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդին կից Եվրոպական կինոյի աջակցության հիմնադրամի՝ Eurimages-ի, Եվրոպական աուդիովիզուլ օբսերվատորիայի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC-ի) ներկայացուցիչների հետ։ Աուդիովիզուալ օբսերվատորիային ներկայումս անդամակցում է 40 երկիր: Հայաստանը` ի դեմս Գ.Գեւորգյանի, ընդգրկվել է վարչության կազմում: Յուրիմաժի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի անդամակցության հարցը, ինչպես նաեւ դրանով պայմանավորված՝ նոր կինոհամագործակցությունների հնարավորությունների օգտագործման տարբերակները։ Նախնական պայմանավորվածության համաձայան` 2014թ. Հայաստանը պատրաստվում է անդամակցել Eurimages-ին։
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գեւորգյանը հանդիպել է նաեւ «Համաշխարհային կինոյի հիմնադրամի» (հիմնադրել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն) տնօրեն Դուգլաս Լայբլի հետ, խոսել են «Սայաթ-Նովա» ֆիլմի վերականգնման աշխատանքների ընթացքի մասին, ապա նաեւ քննարկել վերականգնումից հետո ֆիլմը 2014թ. Կաննի կինոփառատոնում որպես համաշխարհային ճանաչում ունեցող «Լավագույն ֆիլմ» ցուցադրելու հարցի շուրջ (Կաննը ամեն տարի ունենում է մեկ նման ցուցադրություն), միաժամանակ, քննարկվել է նաեւ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի վերականգնման հարցը:
Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոյի հետ հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության պայմանագիրը վերակնքելու հարցը՝ իբրեւ համատեղ կինոարտադրության պայմանագիր, ինչպես նաեւ «ՀՀ կինոյի մասին» օրենքի նախագծի մշակաման հետ կապված հարցը։
Բացի այդ, Գ. Գեւորգյանը հանդիպել է նաեւ թուրքական «Հերսեյֆիլմ» կինոարտադրող ընկերության զարգացման գծով տնօրեն Ս. Աթասագունի հետ եւ քննարկել հնարավոր համագործակցության տարբերակաները։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնողը թուրքական կողմն է եղել։
Եղել են նաեւ մի շարք այլ կարեւոր հանդիպումներ ռուսական «Ռուսիկո» ընկերության ներկայցուցիչների, Վենետիկի կինոփառատոնի կինոշուկայի տնօրեն Պասկալ Դիոտի, Ռիգայի կինոթատրոնների վերազինման աշխատանքներով զբաղվող Dremsim կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Պառվատկինի հետ, ինչպես նաեւ ամերիկայն «Քենդի Մարշալ» կինոընկերության հետ, որը հետաքրքրված է Հայաստանում կինո նկարահանելու հնարավորություններով։
Այս ամենից զատ, Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել են հայ ռեժիսորների ֆիլմերի եւ կինոնախագծերի շնորհանդեսները. Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է «Թեւանիկ», Մարիա Սահակյանը եւ Ջեֆ Գալուստյանը՝ «Ֆլորիստը» հեքիաթ-նախագիծը, Ռուբեն Քոչարը՝ «Իմ անունը Վիոլա է» նախագիծը: Բացի այդ, տեղի են ունեցել նաեւ այլ հանդիպումներ մի քանի արտադրող ընկերությունների հետ։
Հայկական մի քանի կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են Կարճամետրաժ ֆիլմերի արտամրցութային ծրագրում։
Լուսանկարը՝ http://yesicannes.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել