
Բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի ամուսնու դատավարությունը հետաձգվել է
Այսօր Վայոց ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ 2010 թ.-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու` Յանիս Սարկիսովի կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելու պատճառով մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատավարությունը: Նիստին բացակայում էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը, որի` նիստը հետաձգելու մասին միջնորդությունը նիստի ընթացքում որոշվեց մերժել` հաշվի առնելով դատարանի կողմից վկաներին բերման ենթարկելու մասին նախկինում կայացրած որոշումը: Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ Հերիքնազ Մարտիրոսյանը`ամբաստանյալի եղբոր կինը, Արփինե Ափոյանը` հարևանուհին, Շողիկ Խաչատրյանը` տուժողի հորաքույրը և համակուրսեցին:
Հաշվի առնելով գործով միակ ականատես վկաներ Վարսենիկ և Մհեր Հակոբյանների` նիստից բացակայելու փաստը` պաշտպանության կողմը միջնորդեց դատը հետաձգել` հաջորդ նիստին իր կողմից միջնորդված նոր վկա Դավիդ Հակոբյանի և վերջիններիս մասնակցությունն ապահովելու նպատակով:
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա Վայոց ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում`սույն թվականի հուլիսի 11- ին` ժամը 11:00- ին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի քարտուղարություն
Մեկնաբանել