Համաշխարհային բանկն առաջարկել է ՀՀ տարածքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր սկսել
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են, որ Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում առաջարկվում է սկսել նոր ծրագիր, որն ուղղված է լինելու տարածքների զարգացմանը: Ծրագրի նպատակն է նպաստել մարզերում եւ համայնքներում տնտեսական նոր հնարավորությունների, աշխատատեղերի ստեղծմանը, տարածքները գրավիչ դարձնել մասնավոր ներդրումների ներգրավման, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար:
Նշվել է, որ առաջիկայում հայկական կողմի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել մարզերի տնտեսական հնարավորությունների ուսումնասիրություն, որից հետո կներկայացվի գործողությունների պլան: Զուգահեռ կուսումնասիրվեն նաեւ մարզերում զբոսաշրջային զարգացման հնարավորությունները:
Ա. Գեւորգյանը ողջունել է նախաձեռնությունը` նկատելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը եւ առաջիկայում նախատեսվող բարեփոխումների համատեքստում է: Նա տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման նախարարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել նախապատրաստական աշխատանքներին եւ կարեւորել դրանք սեղմ ժամկետներում իրականացնելու հանգամանքը:
Կողմերը քննարկել են նաեւ ծրագրի իրագործման ժամկետների, առաջընթացն ապահովող հնարավոր տարածքների եւ բնակավայրերի ընտրության, ինչպես նաեւ իրականացման մեխանիզմների հետ կապված հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել