Լարված մթնոլորտ թիվ 27 դպրոցում. ուսուցիչները բողոքարկում են տնօրենի ազատման հրամանները
Երևանի թիվ 27 դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Դպրոցի մի քանի արդեն նախկին մանկավարժներ դատական գործընթաց են սկսել տնօրեն Սուսաննա Սարգսյանի կայացրած հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջներով: Բացի այդ, դպրոցում կատարված չարաշահումների փաստով փետրվարի 20-ին Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) հիմքերով: Քրեական գործը հարուցվել է դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա:
Այս քրեական գործի մանրամասներին դեռ կանդրադառնանք:
Ինչ վերաբերում է մանկավարժների դատական գործերին, ապա տնօրենի կայացրած հրամանների դեմ առաջինն ընդվզել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը:
Երեւանի թիվ 27 միջնակարգ դպրոցի եւ Գոհար Ստեփանյանի միջև 01.09.1997թ. կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով վերջինս ընդունվել է աշխատանքի որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: 2012թ. սեպտեմբերի 3-ին դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը համար 189-Ա հրամանով ուսուցչուհուն ազատել է աշխատանքից` աշխատողների թվաքանակի կրճատման անհրաժեշտության պատճառաբանությամբ, ինչը որեւէ կերպ չի հիմնավորել:
Տնօրենը որեւէ բացատրություն չի տվել, թե ինչու հատկապես Գոհար Ստեփանյանը պետք է կրի դրա անբարենպաստ հետեւանքները եւ դառնա գործազուրկ:
Իրականում, դպրոցի տնօրենը համար 189-Ա հրամանով լուծել է մի պայմանագիր, որը իրավաբանական իմաստով գոյություն չի էլ ունեցել: Այսպես, լուծվել է 01.09.1997թ. կողմերի միջեւ կնքված համար 16 պայմանագրի փոփոխմանն ուղղված 01.09.2011թ. պայմանագիրը, որը Գոհար Ստեփանյանը չէր էլ ստորագրել, թեեւ շարունակել է աշխատել նույն դպրոցում նույն հաստիքում: Չստորագրված պայմանագիրն իրավական հետեւանքներ չէր կարող առաջացնել, հետեւաբար տնօրենի ազատման հրամանը ուսուցչուհու համար որեւէ իրավական հետեւանք չէր կարող առաջացնել:
Շենգավիթ վարչական շրջանի դատարանը 2012թ. դեկտեմբերի 25-ին ուսուցչուհու հայցը բավարարել է: Վճռով անվավեր է ճանաչվել տնօրենի համար 189-Ա հրամանը, իսկ դպրոցից հօգուտ Գոհար Ստեփանյանի բռնագանձվել է 89.626 դրամ` որպես մեկ ամսվա հարկադիր պարապուրդի գումար:
Մինչեւ վճռի հրապարակումը` Սուսաննա Ստեփանյանը իր մեկ այլ հրամանով ( համար 228) փոփոխություններ է կատարել իր իսկ կայացրած 189 հրամանում` Գ. Ստեփանյանի կողմից չստորագրված պայմանագրին հղում անելը փոխարինելով ավելի վաղ` 2006թ. կնքված աշխատանքային պայմանագրին, որը ստորագրել է այդ ժամանակվա դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը:
Հենց վճռի հրապարակման օրը տնօրենը նոր հրամանով անվավեր է համարել իր կայացրած համար 189 եւ 228 հրամանները: Իսկ հաջորդ օրը նոր հրամանով լուծել է ուսուցչուհու եւ դպրոցի միջեւ 2006թ. կնքված աշխատանքային պայմանագիրը: Այս տարվա մարտի 20-ին տնօրեն Սուսաննա Սարգսյանը դարձյալ միտքը փոխել է եւ անվավեր է ճանաչել այս հրամանը նույնպես` աշխատանքային պայմանագիրը լուծելու ծանուցման կարգը չպահպանելու պատճառաբանությամբ:
Նույն օրը Սուսաննա Սարգսյանը ծանուցել է Գոհար Ստեփանյանին, որ 2 ամիս հետո լուծվելու է նրա հետ կնքած 2006թ. աշխատանքային պայմանագիրը եւ առաջարկել նրան ցերեկային պահակի կամ շենքի հավաքարարի աշխատանք:
Թիվ 27 դպրոցի տնօրենը, չհամբերելով երկամսյա ժամկետի լրացմանը, որը ավարտվելու էր մայիսի 20-ին, 8 օր անց նոր հրամանով (270-Ա) աշխատանքից ազատել է Գոհար Ստեփանյանին` դարձյալ ժամաքանակի կրճատման պատճառաբանությամբ: Այս հրամանով Սուսաննա Սարգսյանը կատարել է գրեթե նույն սխալը, ինչ հիմքով 8 օր առաջ անվավեր էր համարել իր հրամանը:
Սուսաննա Սարգսյանը նույն օրը մեկ այլ հրամանով (271-Ա) հօգուտ Գոհար Ստեփանյանի փոխանցել է 220.962 դրամ՝ որպես 2012թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ այս տարվա մարտի 28-ը հարկադիր պարապուրդի գումար եւ, մարտի 20-ի ծանուցման ժամկետները խախտելով պայմանավորված, այդ օրվանից մինչեւ մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար 177.865 դրամ արձակման նպաստ եւ 8.431 դրամ տուժանք:
Գոհար Ստեփանյանը դարձյալ դիմել է դատարան` այս անգամ տնօրենի 270-Ա հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, տուժանքը եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջներով:
Նույն դպրոցի սոցիալական մանկավարժ Էմմա Կատինյանը մայիսի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շահել է տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմից կայացված իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու հայցով դատը:
Էմմա Կատինյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 2012թ. դեկտեմբերի վերջին տնօրեն Սուսաննա Սարգսյանն իրեն ստիպել է, որ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնի`ասելով, թե վստահելի չէ իր համար եւ դպրոցից տեղեկություններ է դուրս հանում: Էմմա Կատինյանի խոսքերով`ինքը պահանջել է տնօրենից ապացուցել իր հասցեին հնչած մեղադրանքները: Ի պատասխան՝ տնօրենն ասել է, թե անվստահության հիմքեր չկան, սակայն ինքն անձամբ կհեռացնի մանկավարժին աշխատանքից:
Հունվարի արձակուրդներից հետո տնօրենը զանգահարել եւ տեղեկացրել է Է. Կատինյանին, որ մեթոդ միավորման խմբավորման աշխատակիցները պետք է ներկայանան աշխատանքի: Էմմա Կատինյանն ասել է, որ ինքը որպես երրորդ մասնագիտություն ուսանում է մանկավարժական համալսարանում, դասերը սկսվել են եւ պետք է ժամը 10-ից համալսարանում լինի: Տնօրենն ասել է, որ Է. Կատինյանը կարող է այլեւս դպրոց չգալ, քանի որ աշխատանքից ազատված է: Հեռախոսազրույցի հաջորդ օրը Էմմա Կատինյանը տնօրենից ստացել է ծրար, որի մեջ եղել է 3-4 օրերի ընթացքում կայացված միանգամից 3 նկատողություն:
Էմմա Կատինյանն ասաց, որ ինքը դիմել է աշխատանքի պետական տեսչություն, որտեղից հաստատել են տնօրենի կողմից կատարված անօրինական քայլերը, այնուհետեւ մանկավարժը դիմել է երկրի նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, սակայն հարցը վերջնականապես լուծվել է դատական կարգով:
Ըստ վճռի` Էմմա Կատինյանը վերականգնվել է աշխատանքում եւ ստանալու է հարկադիր պարապուրդի` մոտ 5 ամսվա ամբողջ գումարը:
Էմմա Կատինյանը մտավախություն ունի, որ տնօրենը դատարանի վճռի հիմքով իրեն կվերականգնի աշխատանքի, բայց հաջորդ օրը նորից կազատի աշխատանքից, քանի որ Գոհար Ստեփանյանի դեպքը դրա վառ ապացույցն է:
«Աշխատանքում վերականգնվելու համար, իրոք, շատ ուրախացա, որ արդարությունը վերականգնվեց, բայց եթե Սուսաննա Սարգսյանը մնա որպես տնօրեն, իրոք վստահ չեմ, որ կարող եմ աշխատանքի անցնել: Նա ամեն ինչի ընդունակ է, կարող եմ այսօր վերականգնվել եւ վաղը նորից ազատվել աշխատանքից: Ինքն այնպիսի հնարքներ ու ձեւակերպումներ է օգտագործում, ինչը, բնականաբար, դատարանում չապացուցվեց, որ ամեն ինչ հնարավոր է: Իր մոտ այնքան խորն է հիշաչարությունը, անիմաստ հետապնդումները, որ վստահություն չի ներշնչում»,- ավելացրեց Էմմա Կատինյանը:
Պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք Սուսաննա Սարգսյանին: Նա պատասխանեց, թե խիստ զբաղված է: Ապա տեղեկանալով զրույցի թեմային՝ խոստացավ օրվա ընթացքում կապ հաստատել մեզ հետ եւ այդ հարցում աջակցել մեզ: Նրան տրամադրեցինք նաեւ մեր բջջային հեռախոսահամարը, որպեսզի ավելի հեշտ կապ հաստատի, սակայն աշխատանքային օրն ավարտվեց, իսկ տնօրենն այդպես էլ չարձագանքեց:
Լուսանկարը՝ Սուսաննա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել