
Ամբաստանյալը երբեք չի ցանկացել ամուսնանալ Վարդան Ղուկասյանի դստեր հետ, քանի որ սիրած աղջիկ ունի
Կարեն Եսայանի սպանության գործով դատակոչված վկաների թվում Հերմինե Գրիգորյանի անունն ի սկզբանե չի եղել, թեպետ վերջինս հարցաքննվել է նախաքննական մարմինների կողմից եւ տվել ցուցմունքներ: Այսօր կայացած դատական նիստի սկզբում դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ Հ. Գրիգորյանը դատակոչված վկաների ցանկում հայտնվել է միայն պաշտպանական կողմի միջնորդությունից հետո: Վկայի պահանջով դատական նիստերի դահլիճում այսօր նույնպես արգելվեց տեսալուսանկարահանումը:
Հ. Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին ճանաչել է մանկուց, քանի որ նույն թաղում են բնակվում: Ամուսնության նպատակով մտերմություն իրենց միջեւ սկսվել է 2 տարի առաջ: Վկան ասաց, որ իր ընտանիքում Հարությունի մասին գիտեին, բայց ահա Սարգսյանները տեղյակ չէին, որ իրենց տղան ընկերուհի ունի: «Քանի որ Հարությունի հայրը նրան շտապեցնում էր ամուսնության հարցով, դրա համար էլ չէր ասում, որ ընկերուհի ունի: Մենք այդ մասին պատրաստվում էինք ասել, բայց Հարությունի կալանավորվելը խանգարեց դրան»,-պարզաբանեց վկան:
Հ. Գրիգորյանը սովորում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտում: Հարությունի հետ հանդիպումները եղել են հիմնականում ցերեկային ժամերին: «Եթե չէր ստացվում, որ տեսնվեինք, ապա հեռախոսային կապը մշտապես կար»,-նկատեց Հ. Գրիգորյանը: Նա պատմեց, որ 2012 ապրիլի 11-ին վերջին հեռախոսազրույցը Հարությունի հետ ունեցել է կեսգիշերին: Տղան հայտնել է, որ առավոտյան շուտ մեկնելու է Վրաստան: Հաջորդ օրն իրենք չեն տեսնվել, սակայն օրվա ընթացքում՝ մինչեւ Հարությունի Բավրայի անցակետից վերադառնալը մի քանի անգամ խոսել են հեռախոսով:
Կեսօրից հետո կայացած հեռախոսազրույցի ժամանակ ամբաստանյալը հայտնել է, որ իրենց տուն ոստիկաններ են եկել եւ ինքը հոր հետ գնալու է ոստիկանություն: Վկան, պատասխանելով կողմերի հարցերին, ասաց որ երբեք չի լսել, որ Հարությունին ցանկանում են ամուսնացնել Մանյա Ղուկասյանի հետ: Միայն մի անգամ տղան ասել է, թե հայրը. չիմանալով Հերմինեի գոյության մասին, իր համար հարսնացու է ցանկանում գտնել, սակայն չի կոնկրետացրել, թե ում աղջկա մասին է խոսքը:
Հարությունի ձերբակալվելուց հետո, Հ. Գրիգորյանին հարցաքննության նպատակով մի քանի անգամ հրավիրել են ոստիկանություն: Ապրիլի 14-ին աղջիկը գրավոր ցուցմունք է տվել: «Ոստիկանները տեղյակ էին, որ դուք Հարությունի ընկերուհին եք»,-հարցրեց մեղադրող Սալոյանը: «Իհարկե տեղյակ էին, այլապես ինչու էին ինձ կանչում, հարցաքննում, ասում, թե Հարությունը մարդ է սպանել, իբր ուրիշ աղջկա է սիրել, ինձ ստիպում էին գրել բաներ, որ չեն եղել»,-պատասխանեց վկան:
Հ. Գրիգորյանը դատարանում պնդեց, որ նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքները նույնն են: Այս պնդման հետ համաձայն չէր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը, ով էլ միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Ըստ Մելքոնյանի՝ վկայի՝ դատարանում ներկայացրած պատմության եւ հարցաքննության ժամանակ շարադրածում երկու տեղ հակասություն է նկատել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, սակայն Մելքոնյանի մատնանշած հակասություններն այդպես էլ չհայտնաբերվեցին: Դատարանը եւս ընդունեց, որ վկայի երկու ցուցմունքներում հակասություններ չկան:
Այս դատական նիստին պիտի ներկայանային նաեւ Վարդան եւ Մանյա Ղուկասյանները: Դատավոր Մարտին Սարոյանը հաջորդ դատական նիստը նշանակեց հունիսի 11-ին եւ հայտնեց, որ բերման որոշում է կայացրել այն բոլոր վկաների նկատմամբ, ովքեր առանց լուրջ պատճառաբնության խուսափում են դատարան ներկայանալուց: Բերման որոշումը վերաբերում է նաեւ Ղուկասյաններին:
Մեկնաբանել