HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորական դատախազ. «Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և փոխհրաձգությանը չի մասնակցել»

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Գևորգ Կոստանյանն այսօր  հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համառոտ տեղեկատվություն՝ 2013 թվականի հունիսի 1-ին, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի փաստական հանգամանքների մասին։

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հանդիպման ժամանակ զինվորական դատախազը մասնավորապես հայտնել է հետեւյալը.

«Տեղի է ունեցել զինված հարձակում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց՝ փողոցում, հարձակման ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով 1 անձ մահացել  է, 2 անձ` ստացել հրազենային մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը սկսել և վարել է Սյունիքի մարզի քննչական բաժինը, այնուհետեւ դեպքից մի քանի ժամ անց գործը փոխանցվել է ըստ քննչական ենթակայության՝ ՊՆ քննչական ծառայությանը և համապատասխանաբար անցել զինվորական դատախազության հսկողության տակ: Նախաքննության թե՛ սկզբնական, թե՛ հաջորդող փուլերում կատարվել  են անհետաձգելի քննչական  գործողություններ, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն,  նշանակվել  են բազմաթիվ փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, մատնադրոշմային, կենսաբանական  և այն: Առաջնահերթ, սկզբնական քննչական գործողությունների արդյունքում գործով ներգրավվել է երկու մեղադրյալ. երկու անձի մեղադրանք  է առաջադրվել և,  ինչպես հայտնի է, միջնորդություն ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը  բավարարվել է»:

 

Գ.Կոստանյանը նաեւ փաստել է, որ մեղադրյալները գտնվում են  «Նուբարաշեն» ՔՀԿ-ում եւ այնտեղ կմնան առնվազն մինչեւ նախաքննության ավարտը՝  նկատի ունենալով, որ գործի նախաքննությունն իրականացնում է ՊՆ հատկապես կարևոր գործերի քննության բաժինը, որը գտնվում է Երևանում, և, հետևաբար, կալանավորված անձանց Երևանում գտնվելը անհրաժեշտություն է:

«Արարքների որակումներն ու գնահատականները մենք դեռևս պետք է քննարկենք համապատասխանաբար ձեռք բերված ապացույցների համադրման արդյունքում. ընդ որում՝ այդ ապացույցներն առնչվում են ինչպես անմիջապես դեպքին, այնպես էլ՝ նախորդող և հաջորդող բոլոր իրադարձություններին: Հետևապես,  դեպքին հաջորդող և նախորդող իրադարձություններում ներգրավված և որևէ կերպ առնչված յուրաքանչյուր անձի գործողությունների իրավական գնահատականը հաջորդելու է»,- հայտարարել է զինվորական դատախազը։

Անդրադառնալով դեպքի տեսաձայնագրությունը առգրավելու եւ այն հանրությանը ներկայացնելու հարցադրումներին՝ Գ.Կոստանյանը փաստելով, որ տեսագրությունը, տեսաձայնագրող սարքերն ու սարքավորումները առգրավվել են, նշել է.

«Այո՛, դրանք  գտնվում են նախաքննություն իրականացնող մարմնի տրամադրության տակ: Այս պահին դրա հրապարակման անհրաժեշտությունը չկա. նկատի ունենալով, որ սարքերը տրամադրվել են փորձագետներին՝ համապատասխան փորձաքննություններ կատարելու համար: Այնուհետև մենք հանրությանը կտեղեկացնենք և հնարավորություն կտանք դիտելու հատվածներ, իսկ նախաքննության ավարտից հետո՝ արդեն դատաքննության ընթացքում, նկատի ունենալով, որ դատաքննությունը դռնբաց է, հանրությունը հնարավորություն կունենա ինքնուրույն դիտել ամբողջ տեսաձայնագրությունը և գնահատականներ տալ: Համենայնդեպս, փոխհրաձգությանը մասնակցած  անձանցից 2-ը կալանավորված են: Մեկ անձը մահացել է, իսկ մյուս անձի՝ Արտակ Բուդաղյանի գործողություններին առանձին գնահատականներ կտրվեն»:

Փոխհրաձգությանը 4 անձի մասնակից լինելու վերաբերյալ լրագրողի ճշգրտող հարցադրմանն ի պատասխան՝ զինդատախազը նշել է.

«Այո, հասկանում եմ՝ ձեր հարցն ինչ ուղղվածություն ունի: Կարող եմ միանշանակ ասել և դուք հետագայում տեսաձայնագրություններով կհամոզվեք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և փոխհրաձգությանը չի մասնակցել: Դա փաստ է,  որում դուք ինքներդ կհամոզվեք: Դա արձանագրված է ժապավենի վրա, որը դիտելուց հետո դուք ինքներդ կհամոզվեք դրանում»:

Գեւորգ Կոստանյանը նաեւ երաշխավորել է, որ քրեական գործով կապահովվի քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու ամբողջականությունը։  «Արդարադատությանն ուղղված ցանկացած գործունեություն իր հիմքում ունի մի շարք գործոններ։ Ամենակարևոր գործոնը հանրային վստահությունն է, որ պետք է լինի: Հետևաբար, արդարադատությանն ուղղված գործունեությունը պետք է ունենա բարոյական հենք և իրավական հիմք: Որևէ կաշկանդվածություն ոչ միայն չի կարող լինել, այլ որևէ կաշկանդվածությունը՝ քննիչի, դատախազի, իմ ու հետագայում դատարանի կողմից կարող ենք համարել անբարոյական վարքագիծ»,- հայտարարել է զինդատախազ Գ.Կոստանյանը եւ ավելացրել. «Քաղաքական կամ որևէ այլ նրբերանգները չեն կարող ազդել նախաքննության օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա: Արդեն ասացի՝ այն պարզ պատճառով, որ մենք առնվազն բարոյական պարտականություն ու պատասխանատվություն ունենք առաջին հերթին մեր երեխաների, մեր և հանրության առաջ»:

Նա նաեւ նշել է, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում չեն կարող հրապարակվել, սակայն հանրությանը թույլատրելիության սահմաններում պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանություններ (3)

iravaban
տարօրինակ զինդախազ ա տարօրինակ տրամաբանությամբ, ասում ա ,,կհամոզվեք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և փոխհրաձգությանը չի մասնակցել: Դա փաստ է, Դա արձանագրված է ժապավենի վրա,, այսինքն եթե նա հենց կամեռայի հետև կանգնած թնդանոթով կրակեր, այսինքն տեսախցիկի տեսադաշտից դուրս, ու եթե դա ժապավենի մեջ չկա, ուրեմն սուրիկը կամ բութիկը ենտեղ ցհի եղել?? կամ այլ կերպ հարցնեմ, եթե ժապավենի մեջ չկա, ուրեմն ենտեղ ցհի եղել?? այ քեզ դատախազ
tigran20053
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինդատախազը վստահեցնում է, որ մարզպետը իր տան բակում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ դեպքի վայրում չի եղել։ «Դա փաստ է։ Դա արձանագրված է ժապավենի վրա», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց զինդատախազ Գեւորգ Կոստանյանը։Հիմա լավ մտածեք,թե ինչ ժապավենի մասին է խոսքը....որը հնարավոր է եղել մարզպետարանի աշխատակիցները նայեին մի քանի ժամ,հետո հրապարակեին...Եթե պետք լիներ և հնարավոր է ժապավենի միջից որոշ բաներ հանեին...հետո տաին էս մարդուն,որ ինքն էլ նախաքննությունը հլը չսկսած հայտարարություն անի,որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր տան մոտ տեղի ունեցած սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել(քնած է եղել ինչպես ինքն է ասում....)...«Դա փաստ է։ Դա արձանագրված է ժապավենի վրա»....քանի որ ժապավենի մեջ ինքը չի երևում...պատկերացնում եք, թե ինչ խելացի դատախազ է......Մեր շատ սիրելի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը տվյալ պահի համար կասեր ԷՀԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷՅ..Հլը մեկը դրան հարց տար,թե ինքը իրավունք ունեցել է դեպքից մի քանի ժամ հետո հայտարարություն անի,Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում եղել է թե չի եղել....Երբ Բուդաղյան եզբայրներից մեկը արդեն սպանված է եղել իսկ մյուսը անգիտակից վիճակում եղել է հիվանդանոցում.....այսինքն ինքը ինչ իրավունքով,կամ ում հրամանով է արել այդ հայտարարությունը??????թող հիմա ինքը պատասխանի այս հարցերին........
iravaban
Inc tvum a es dataxazi hrazharakan talu zhamanaka a ekel , paron heraci , qani vor qu hajtararutjamb cujc tvecir qui tgitutjun@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter