HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետները հույս ունեն, որ վարկառու գյուղացիների մոտ ամեն ինչ լավ է լինելու

Գեղարքունիքի մարզում ԴԱՀԿ ծառայությունը սկսել է ավելի հաճախ շփվել գյուղացիների հետ: Պատճառն այն է, որ գյուղացիները բանկերից վարկեր են վերցրել եւ չեն կարողանում ըստ ժամանակացույցի վճարել: Բանկերն էլ, դիմելով դատարան, ԴԱՀԿ ծառայողների միջոցով հարկադիր կարգով են պարտադրում գյուղացիներին կատարել ստանձնած պարտավորությունները:

Մարզում 2010 թ. հարուցվել է 933 կատարողական վարույթ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կարծիքով` բանկերում առաջացած պարտքերը հիմնականում կուտակվել են նախորդ տարիներից` ավելի շատ 2008-2009 թվականներից: Ըստ մարզպետի` Գեղարքունիքի բնակչությունն իր տնտեսության առաջխաղացումը կապում է հիմնականում գյուղատնտեսական մթերքների իրացման հետ: Սակայն նշված ժամանակահատվածում մեծաթիվ վարկառուներ, շուկայի բացակայության պատճառով, հնարավորություն չեն ունեցել իրացնել այն բերքը, որի վաճառքից գոյացած գումարով պիտի մարեին վարկերը: «Բացի այդ, նշված ժամանակահատվածում շատ ցածր է եղել նաեւ կաթնամթերքի շուկայական արժեքը: Մոտ 80 դրամի սահմաններում տնտեսությունները կաթ են հանձնել մթերող կազմակերպություններին: Սա եւս խնդիր էր, որը վերանայման անհրաժեշտություն ուներ: Այս եւ նմանատիպ այլ խնդիրներ մարզում ստեղծեցին նման պատկեր»,- ասում է մարզպետ Ն. Պողոսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է այս տարի նույնպես նման իրավիճակ լինի, մարզպետը նշեց, թե այս տարի պատկերը բոլորովին այլ է: Նվեր Պողոսյանի խոսքերով` հանրապետության նախագահի  հանձնարարությամբ բանկերն այս տարի քաղաքացիներին վարկեր են տրամադրում 2 տարի մարման ժամկետով եւ ցածր տոկոսադրույքով` 14%, որի 4%-ի սուբսիդավորման պատասխանատվությունը ստանձնել է կառավարությունը: Գեղարքունիքի մարզպետի ունեցած տվյալներով` այս պահին մարզում միայն մեկ բանկից արտոնյալ գյուղատնտեսական վարկ է ստացել մոտ 700 շահառու: «Հարկ է նաեւ նշել, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մարզի գյուղացիական տնտեսությունները բերքի իրացման խնդիր չեն ունենա: Բարձրացել է նաեւ կաթնամթերքի իրացման արժեքը: Օրինակ` այս տարի տնտեսությունները մթերող ընկերություններին  կաթը հանձնում են 150-180 դրամով: Ելնելով ստեղծված պայմաններից` մենք ակնկալում ենք, որ նախորդ տարիների պատկերն այս տարի չի կրկնվի»,- ավելացնում է Նվեր Պողոսյանը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նույնպես լավատես է: Նա հույս ունի, որ ցածր տոկոսադրույքով վարկերը կօգնեն գյուղացուն ոտքի կանգնել: Արմավիրի մարզում 2010 թ. ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցվել է 1505 կատարողական վարույթ: Այս առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ գյուղացիական տնտեսություններին բանկերի կողմից տրվող վարկերը կարճաժամկետ են, բարձր տոկոսադրույքներով եւ փոքր չափաբաժիններով, որի արդյունքում ստացված վարկերը օգտագործվում են ոչ նպատակային: Դա իր հերթին թույլ չի տալիս  ժամանակին վերադարձնել գումարները:

«Բնակլիմայական վատ եւ անբարենպաստ պայմանները, բնականաբար, բացասական ազդեցություն են ունենում գյուղացիական տնտեսությունների վրա, որը եւ խանգարում է վարկերի ժամանակին վերադարձմանը: Ելնելով իրավիճակից` ՀՀ նախագահի հանձնարարականով այսուհետ վարկերը գյուղացիական տնտեսություններին տրվում են երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով»,- նշում է Արմավիրի մարզպետը:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ փաստում է, որ իր ղեկավարած մարզի վարկառու գյուղացիները վերջին տարիներին հաճախակի են առնչվել դատարանների հետ, քանի որ բանկերի կողմից տրվող վարկերը կարճաժամկետ են եղել: 2010 թ. Արարատի մարզում ԴԱՀԿ-ն հարուցել է 1622 կատարողական վարույթ: Դա նշանակում է, որ այդքան ընտանիք չի կարողացել ժամանակին մարել իր վարկը: «Վարկը ոչ բոլոր դեպքերում է նպատակային օգտագործվել, ինչպես նաեւ` դեռեւս ձեւավորված չէ վարկային գործառույթի բարձր կուլտուրա: Դա պայմանավորված է եղել նաեւ 2009-2010 թթ. անբարենպաստ կլիմայական պայմաններով, եւ սպասվող բերքի պակասի պատճառով որոշ վարկառուներ ժամանակին չեն կատարել իրենց բանկային պարտավորությունները»,- ասում է Էդիկ Բարսեղյանը:

Նույն հարցերի շուրջ պարզաբանման համար գրավոր դիմել էինք նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին: Վերջինս պատասխանել է, թե վարկերը գյուղացիական տնտեսություններին տրամադրվում են առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից: «Տրամադրվող վարկերի քանակների, տոկոսների եւ օգտագործման նպատակների մասին տեղեկատվությունները համարվում են բանկային գաղտնիք: Առաջարկում եմ Ձեզ նշված հարցերով դիմել առեւտրային բանկային եւ վարկային կազմակերպություններին»,- գրված է Արամ Քոչարյանի պատասխանում:

Ի դեպ, Լոռու մարզի վարկառու գյուղացիները 2010 թ., այլ մարզերի վարկառուների համեմատ, ավելի շատ են գործ ունեցել հարկադիր կատարողների հետ: Այս մարզում նախորդ տարի հարուցվել է 2576 կատարողական վարույթ: Սա ամենամեծ թիվն է: Համեմատության համար նշենք, որ Լոռու մարզից հետո երկրորդը Արարատի մարզն է` 1622 կատարողական վարույթով:

Սյունիքի մարզում այս տարին նույնպես անբարենպաստ է գյուղացիների համար: Գարնան սկզբին կարկտահարվել են Գորիսի եւ Սիսիանի ցանքատարածությունները: Գյուղացիները հենց այդ տարածքներում են ակտիվ զբաղվում գյուղատնտեսությամբ: Նրանց զգալի մասը վարկ ունի եւ հայտնվել է անելանելի դրության մեջ:

«Եթե գյուղացին վարկ է վերցրել եւ չի կարողացել ստանալ իր նախատեսած արտադրանքը, բնական է, որ տուժելու է: Պատկերն ավելի հստակ կլինի, երբ վերջնական հաշվարկը լինի»,- ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչիկ Գրիգորյանը: Ըստ նրա` միշտ էլ ցանկալի է, որ վարկերի տոկոսադրույքը ցածր լինի եւ տրամադրվի երկարաժամկետ: Մարզպետարանը դեռ չի ամփոփել վարկերի վիճակը մարզում: Թվերն ու գյուղացիների վիճակի մասին տեղեկատվությունը կամփոփեն հուլիսի սկզբներին:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման տեղեկանք (2011 թ. հունիսի 6-ի դրությամբ)  

                

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter