HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վարչապետն ազատամարտիկներին կընդունի այսօր կամ ամենաուշը վաղը. ազատամարտիկների մի մասը խիստ դժգոհ է (ֆոտո)

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում իրենց սոցիալական պայմանների բարելավում պահանջող ազատամարտիկները: Նրանք հունիսի 4-ից շուրջօրյա նստացույց են անում Ազատության հրապարակում:

Ազատամարտիկները պահել էին եռագույնը և հետևյալ գրություններով պաստառներ. «Ազատամարտիկների թոշակների բարձրացում», «Սոցապահովության փաթեթներ», «Ազատամարտիկների կոմունալ վարձերի զեղչում 50 տոկոս», «Բուժապահովագրության փաթեթ», «Վիրավոր ազատամարտիկներին աշխատանքով և բնակարանով ապահովում», «Զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով և աշխատանքով ապահովում», «Տրանսպորտով անվճար երթևեկություն» և այլն:

«Պատասխան»,- վանկարկում էին ազատամարտիկները:

Նրանց բողոքի ակցիան սկսվել էր մայիսի 11-ին Ազատության հրապարակում եռօրյա նստացույցով: Մայիսի 13-ին ազատամարտիկները նամակ էին հանձնել կառավարությանը՝ պահանջելով ընդունել ազատամարտի, ազատամարտիկների մասին օրենք, այդ օրենքով սահմանել պատերազմի մասնակցի կարգավիճակ ու ամրագրել սոցիալական երաշխիքներ ազատամարտիկների, պահեստազորի սպաների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Կառավարությունը նամակն ուղարկել էր պաշտպանության, հետո ֆինանսների նախարարություններ:

Այսօր կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ազատամարտիկների թոշակներն ավելի բարձր են, քան մյուս քաղաքացիներինը, և սա արդեն իսկ նշանակում է հատուկ վերաբերմունք զինծառայողների նկատմամբ:

«25 տարվա ստաժ ունեցող զինծառայողը ստանում է 87 հազար թոշակ, նույն 25 տարվա ստած ունեցող մեկ այլ քաղաքացի ստանում է 26 հազար: Ես չեմ կարող ձեր մայրիկը, որ ուսուցչուհի է, 25 տարվա ստաժ է ունեցել, 25 հազար ստանա, մյուսին ես բարձրացնեմ՝ 87 հազարը դարձնեմ 180 հազար: Իհարկե, ազատամարտիկները, զինծառայողները այդ արտոնությունները՝ ավելի բարձր թոշակ ստանալու, միանշանակ պետք է ունենան: Բայց այդ բարձրացումը պետք է տեղի ունենա հավասարապես իրար հետ, սոցիալական քաղաքականության հետ, բազային թոշակի հետ միասին»,- ասաց Ալեքսանդր Ղազարյանը:

Ազատարտիկներից մեկը տարակուսեց, թե և՞ս 20 տարի պետք է սպասել, մինչև դա տեղի ունենա:

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Ռոբերտ Նազարեթյանը «Հետքին» ասաց, որ նախկինում՝ մինչև 1998 թվականը, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկները կոմունալ վարձերը վճարել են 50 տոկոս զեղչով, իսկ դրանից հետո վճարում են 100 տոկոսով: Նա պատերազմի դաշտ է գնացել 18 տարեկանում՝ 1993թ.-ին, կռվել մինչև 1994թ.: Հետո շարունակել է զինծառայությունը և 1995թ. Մարտակերտում կորցրել ոտքն ու ձեռքը և մյուս ձեռքի մատները:

Ռոբերտ Նազարեթյանը կարող է աշխատել, բայց աշխատանք չի գտնում: Նա աշխատանքի ընդունվելու հարցով դիմել է «Վիվասել» ընկերությանը, քանի որ այս ընկերությունն աշխատանքի է ընդունում հաշմանդամություն ունեցող անձանց, բայց իրենից դիպլոմ են պահանջել: Ռոբերտը դիպլոմ չունի, քանի որ 18 տարեկանում գնացել է պատերազմ, իսկ 20 տարեկանում հաշմանդամություն ստացել: «Խնդրեմ, թող մասնագետներ տան, մի քիչ սովորեցնեն: Էդքան դժվար չի, էլի: Ամեն ինչ, մեկ է, համակարգչով է»,- ասում է նա:

Ռոբերտ Նազարեթյանի ամսական ամբողջ եկամուտը կազմում է 79 հազար դրամ, որը ներառում է զինվորական թոշակն ու հաշմանդամության նպաստը: Ուստի, նրան չեն բավարարում Ալեքսանդր Ղազարյանի այն խոսքերը, որ մյուս քաղաքացիների թոշակներն ավելի ցածր են:

Ակցիայի մասնակից, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի խոսքով՝ ինքը երբեք թոշակ չի ստացել, որևէ ակնկալիք չունի, և փառք Աստծու, այնպիսի մարզավիճակում է, որ կարող է նորից պատերազմ գնալ, բայց խնդիրը հենափայտերով ազատամարտիկներն են, նաև զոհված ազատամարտիկների ընտանիքները:

«Խնդիրը 20-30 տոկոսով թոշակը բարձրացնել կամ չբարձրացնելը չէ: Ինձ համար կոնկրետ այս մարդկանց արժանապատվությունը ապահովելն է, որ այս մարդը արժանապատիվ և հպարտ քայլի իր երկրում, որովհետև ինքը վաստակել է ոչ միայն իր հպարտությունը, այլև ամբողջ երկրի հպարտությունը»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը թույլ տա, որ իրական հերոսները երևան, ապա իշխանության դերն ավելի նսեմ կլինի:

«Ազատամարտիկի պատիվը չի եզրափակվում Եռաբլուրում ծաղկեպսակ դնելով: Հաղթանակած, արյուն թափած հայ ազատամարտիկը իրավունք ունի իր սեփական ազատագրած հողի վրա ապրել արժանապատիվ: Պահանջում ենք կառավարությունից կատարել իրենց ուղիղ պարտականությունը. ապահովել իրենց երկիրը ազատագրողներին բարեկեցիկ կյանքով»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակից ազատամարտիկներից մեկը:

Ակցիայի մեկնարկից մոտ 1,5 ժամ անց Ալեքսանդր Ղազարյանը շուրջօրյա նստացույցի մասնակից, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ասաց, որ վարչապետը ազատամարտիկների 4 հոգանոց պատվիրակությանը կընդունի այսօր կամ ամենաուշը վաղը: Նա խոստացավ, որ կզանգահարի ու Վոլոդյա Ավետիսյանին կհայտնի հանդիպման ժամը: Վոլոդյա Ավետիսյանը համաձայնեց առաջարկին:

Սակայն ազատամարտիկների մի մասը խիստ դժգոհ մնաց վարչապետի հետ վաղը հանդիպելու խոստումից: Նրանք մտավախություն ունեին, որ իշխանությունն իրենց նորից խաբում է: «Չկա վաղը: Էսօր: Հիմա»,- բղավում էին ազատամարտիկներից ոմանք:

«Համբերություն: Ոչինչ, մի օր կհամբերենք»,- իր հերթին ասում էր Վոլոդյա Ավետիսյանը: «Փորձենք հավատանք էս անգամ իրենց ասածին: Եթե պիտի խաբեն, թող էս մի օրն էլ խաբեն»,- ասաց մեկ այլ ազատամարտիկ:

Ազատամարտիկները վերադարձան Ազատության հրապարակ:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter