HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Փաստաբանները դատադուլ են հայտարարում

«Խնդիրը, որի պատճառով դատադուլ ենք անում, մտահոգում է փաստաբաններին, որովհետև այն մտահոգում է մեր վստահորդներին»,- ասուլիս-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք այլ փաստաբանների հետ հայտարարել է հունիսի 11-ին և 12-ին գործադուլ անելու մասին:

Նրա խոսքերով, վստահորդները երբեք չեն կարողացել հասկանալ, թե ինչո՞ւ իրենց վճռաբեկ բողոքները ընդունվեցին վարույթ կամ չընդունվեցին, ինչո՞ւ իրենք նույն խնդիրը քննարկման դնելու համար հասան Եվրոպական դատարան, որը կարող է համարել իրենց բողոքը հիմնավոր, քննել և վճիռ կայացնել Հայաստանի Հանրապետության դեմ, սակայն վճռաբեկ դատարանը, որին այդ նույն խնդիրները մինչ այդ ներկայացված են եղել, չի համարել, որ այն այդքան լուրջ է և ենթակա է քննարկման:

Սահմանադրական փոփոխություններից հետո վճռաբեկ դատարանն օրենքով իրավունք ստացավ գործն ընդունել վարույթ կամ չընդունել, և սահմանվեցին վարույթ ընդունելու այնպիսի չափանիշներ, որոնք մինչ հիմա, ըստ փաստաբանի, ոչ ոքի համար պարզ չեն: Որպես օրինակ Հայկ Ալումյանը բերեց հետևյալը` եթե առերևույթ առկա է դատական սխալ, որը կարող էր հանգեցնել ծանր հետևանքների: Նրա կարծիքով, ոչ ոքի, նույնիսկ Վճռաբեկ դատարանի համար պարզ չէ, թե ինչ է նշանակում «ծանր հետևանք» ասվածը:

«Մեզ համար անհասկանալի է Վճռաբեկ դատարանի վարքագիծը, երբ որևէ պետական մարմնի վճռաբեկ բողոքները համատարած վարույթ են ընդունվում, իսկ քաղաքացիների օգտին բերվածները շատ քիչ տոկոսներով են վարույթ ընդունվում»,- ասաց դատադուլ հայտարարած փաստաբանը:

Քննարկման մասնակից, բայց դատադուլին չմիացած փաստաբան Արա Ղազարյանի դիտարկմամբ, փաստաբանները պետք է հասկանան, որ Վճռաբեկ դատարանի նպատակը հայեցակարգով օրենքների միասնական կիրառությունն է, ոչ թե խախտված իրավունքների վերականգնումը կամ կոնկրետ գործի լուծումը. այդ ատյանի մասին պետք է մոռանալ, և եթե ինչ-որ բանում մեղադրել, ապա պետք է դա անել առաջին երկու ատյաններին»:

Որպես խնդիր փաստաբան Սամվել Ջաղինյանը բարձրացրեց այն, որ դատական համակարգում շատ դատական նիստեր միտումնավոր չեն ձայնագրվում, «Խուզարկությունների, օպերատիվ հետախուզական, ինչպես նաև վերծանումների հետ կապված դատական նիստերը ընդհանրապես չեն ձայնագրում: Ներքին կարգով պատճառաբանում են դատարանների ծանրաբեռնվածությունը, և քանի որ այդ նիստերին ներկա է գտնվում միայն վարույթ իրականացնող մարմինը, չի կատարվում ձայնագրություն»,-ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքերով, փաստաբանների մի մասը ցանկանում էր դատադուլ անել օրենքի փոփոխություններից հետո, բայց իրենք որոշել են հիմա սկսել բողոքի ակցիան, քանի որ, եթե սպասեն օրենսդրական փոփոխություններին, կարող է մեկ հազարամյակն էլ չբավականացնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter