
Նորանշանակ դատախազի հանձնարականները դեռ Շնող չեն հասել
Վերջին օրերին «Հետքը» բազմաթիվ ահազանգեր էր ստանում Լոռու մարզի Շնող գյուղի «Չնգիլ» և «Մեհրաբանաց գոմեր» հանդամասերում ապօրինի անտառահատումների մասին: Շնողում հունիսի 5-ին հայտնեցին, որ ապօրինի հատված ծառերի փայտը ավտոմեքենաներով առաքվում է Գյումրի:
«Չնգիլ» և «Մեհրաբանց գոմեր» հանդամասերի անտառները գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության կազմում:
Ըստ «Հետքի» անտառտնտեսության աղբյուրների` անտառահատումները իրականացվում է հենց Լալվարի անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի ցուցումով: «Օրական 10 ավտոմեքենա փայտ է իջնում «Չնգիլ» և «Մեհրաբանց գոմեր» հանդամասերի անտառներից»,- ասում է մի շնողցի: «Անտառը Շնողում գերանդիով են հնձում, անտառ ե՞ն թողում»,- ավելացնում է շնողցի մի ծերունի: Զրուցակիցներս խնդրում են չհրապարակել իրենց անունները:
«Չնգիլ» հանդամասի հատատեղ հասնելը մեծ սխրանք է`ճանապարհի անանցանելիության պատճառով: Այս առումով էլ Կամո Շահնազարյանը անտառահատումների իր ծրագիրը սխալ վայրում չէր ընտրել: Ով գլուխ կդնի անտառահատումների օրինականություն ստուգելու համար, իր կյանքը վտանգելով, բարձրանալ Շնողից մոտ 16 կմ հեռավորության վրա գտնվող «Չնգիլ» հանդամաս:
Հանդամասի անտառը բնության հրաշագեղ անկյուններից է: Դժվարանցանելի ճանապարհին անընդհատ ճոճվող «Նիվան» ամպրոպի ճայթելու հետ կանգնեց. «Եթե անձրև սկսվեց, պետք է արագ հետ վերադառնանք, ճանապարհը կավահող է, անձրից հետո սահող է դառնում և վտանգավոր է»,- բացատրեց վարորդը:
«Բա փայտով բեռնված հսկա ավտոմեքենաների վարորդները ոնց են իջնում այս ճանապարհով»,- հարցնում եմ: «Ո՞նց են իջնում, ամեն իջնելուց հետ ապրած վախից տանը արյուն են միզում, այ տենց են իջեցնում»,- պատասխանեց նա:
Անտամիջյան ճանապարհի աջ ու ձախ կողմերում առողջ ծառերի սպանդը տեսանելի էր դառնում: Հատված ծառերի թարմ ճյուղերով ծածկված էին դրանց կոճղերը, ճանապարհի վրա ընկած էի նաև հաստաբուն գերաններ: «Շատ կոճղեր ծածկվում են հողով, անտեսանելի դարձնելու համար»,- ասաց զրուցակիցս: Կոճղերի վրա բացակայում էր ծառերի հատման ենթակա լինելու փաստը հաստատող կնիքերը: Անձրևն սկսվելուն պես, դեռ հատատեղ չհասած` ավտոմեքենան իջավ «Չնգիլից»: Շնողի «Մանստև» հանդամասում Շնող գետի ափին կանգնած էին փայտով բեռնված երկու մեծ բեռնատարներ: Լալվարի անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանին պատկանող «Կարաստ» ՍՊԸ-ի կողմից է իրականացվում նաև Թեղուտի հանքավայրի ծրագրով նախատեսված 357 հա անտառների հատումը, որի շուրջ 90 տոկոսը գտնվում են Շնողի վարչական տարածքում: Հարցին, թե այսքանից հետո որքանով է նպատակահարմար Շնողում հատատեղ պլանավորելը, Կամո Շահնազարյանը հայտնեց, որ 2013թ.-ին իր ղեկավարած անտառտնտեսության համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվել է 3,5 հա հատատեղ, որը կազմում է 393 խմ փայտ:
«Հատատեղը գտնվում է Շնողի «Գոգդաղ» հանդամասում»,- ասաց անտառտնտեսության տնօրենը: «Գոգդաղ» հանդամասն էլ գտնվում է Նոյեմբերյանին սահմանակից Շնողի տարածքում: Շնողում ասացին, որ 10 բեռնատարներով 393 խմ փայտը մեկ օրվա բեռ է, մինչդեռ «Չնգիլ» և «Մեհրաբանց գոմեր» հանդամասերից օրը 10 բեռնատար ավտոմեքենա է դուրս գալիս:
Չնախատեսված հանդամասերից կատարվող անտառահտումների մասին հարցին, ծնունդով շնողցի Կամո Շահնազարյանը պատասխանեց, որ «Մեհրաբանց գոմեր» հանդամասը գիտի, սակայն «Չնգիլ» հանդամասից տեղյակ չէ: «Շուտով կպարզեմ և Ձեզ կհայտնեմ»,- ասաց Կամո Շահնազարյանը, որը, սակայն, այդպես էլ չտեղեկացրեց:
Անձրևի պատճառով մեզ չհաջողվեց հասնել Շնողի «Մեհրաբանց գոմեր» և «Չնգիլ» հանդամասերի անտառահտումների հատատեղեր:
Ի դեպ, գյուղացիներից հայտնեցին նաև, որ գազի թանկացման լուրից հետո Շնողում 1խմ փայտի գինը հասել է 15 հազար դրամի: Նրանք կանխատեսում են, որ աշնանը փայտի գինը կբարձրանա: Այս հանգամանքը ոգևորել է Լալվարի անտառտնտեսության տնօրենին: Նա կարգավորում է նաև Թեղուտ գնացող ճանապարհի անտառի փեշին գտնվող փայտի իր սղոցարանը, որտեղ «Հետքի» նկարելու պահին աշխատանքներ էին ընթանում:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին իր պաշտոնավարման 100-օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի նորանշանակ դատախազ Հակոբ Ղարախանյանը հայտնել է, թե Լոռու մարզի առանձնահատկությունների մեջ կարևորում է հատկապես ապօրինի անտառահատումների խնդիրը, ու դրա համար նա հստակ հանձնարական է իջեցրել, ուժեղացրել է իր ենթակայությամբ աշխատող իրավապահների հսկողությունը ապօրինի անտառահատումները կանխելու համար: Նորանշանակ դատախազի հանձնարականները դեռ Շնող չեն հասել:
Մեկնաբանել