Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղադրվել Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում ապօրինի հրապարակված հայտարարության վերաբերյալ
Հարգելի պարոն Սարգսյան,
Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում հրապարակվել է հայտարարություն հետևյալ վերնագրով` «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած հանցագործության մասին՝ իբրև ճմարտության վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ` «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…», «կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները»:
Վերը նշված հրապարակումից հետո, ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ տրամադրել պատասխան պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.
- ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է հետապնդում անօրինական նպատակ:
- ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է շահագործվում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի, լիազորությունների չարաշահմամբ:
- Եթե Դուք չեք վերը նշված հրապարակման նախաձեռնողը, ապա խնդրում եմ անցկացնել ծառայողական քննություն և հայտնել՝ ու՞մ նախաձեռնությամբ է նման հայտարարություն տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում:
- Պատրաստվում ե՞ք վերացնել ապօրինությունը և միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ապօրինություն կատարողին կամ կատարողներին:
- Պատրաստվում ե՞ք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից՝ նրանց գումարներով ֆինանսավորվող ՀՀ կառավարության կայք-էջը ապօրինի օգտագործելու համար:
Ի լրումն այս ամենի՝ խնդրում եմ անհապաղ վերացնել ապօրինի հրապարակումը:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել