Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխմարզպետ Արա Դոլունցը
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում` աշխատակազմի, մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վ. Տերտերյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխմարզպետ Արա Դոլունցը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի, մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվել է, որ 2013թ. առաջին հինգ ամիսներին մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95, 4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 18,2 տոկոսով: Զեկուցվել է նաեւ, որ ժամանակացույցի համապատասխան են իրականացվում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները:
Վ. Տերտերյանը, դրական գնահատելով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը, հորդորել է հետեւողական լինել ինչպես այդ ցուցանիշների պահպանման, այնպես էլ մարզային տարբեր ծրագրերը ժամանակին իրականացնելու հարցում: Քննարկվել է նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշված համայնքներում կառուցապատման խնդիրներին առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել