HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրինականացվել են շուրջ 10 հազար բնակելի տներ ու ինքնակամ զբաղեցված հողամասեր

Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի հիման վրա՝ 2008 թվականից իրականացվում է անհատական բնակելի տների, դրանց կից հողամասերի և դրանցում կառուցված ինքնակամ բնակելի տների ու օժանդակ շինությունների անհատույց օրինականացման կարգը, որի շրջանակում մայրաքաղաքում արդեն իսկ օրինականացվել են շուրջ 10 000 բնակելի տներ, ինքնակամ զբաղեցված հողամասեր: 

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, պարզաբանելով կարգը, նշել է, որ անհատույց բնակելի տների օրինականացումը վերաբերում է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելի տներին և ինքնակամ զբաղեցված հողամասերին: Օրենքի համաձայն՝ անհատույց օրինականացման ենթակա են մինչև 300 քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքները:

Հողատարածքների 300 քմ ավելի մակերեսի օրինականացումը կատարվում է գործող կադաստրային արժեքներով`ըստ տարածագնահատման գոտիների: Գործընթացը սկսվում է Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված «Մեկ պատուհանի» գրասենյակ այցելությամբ, որտեղ կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն և կներկայացվեն գործընթացին առնչվող բոլոր ընթացակարգերը:

Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է ունենալ տեղագրական կամ գեոդեզական հանույթ և համապատասխան փաստաթղթեր` կառուցապատման տարեթվի վերաբերյալ տեղեկանքով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter