HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

2014 թ. պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան. այժմ շարքայինի աշխատավարձը 100-130 հազ. է

Բանակի 2014 թվականի համալրման ռազմավարությամբ նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը: Այս մասին տեղեկացրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում հունիսի 7-ին անցկացված մամուլի ասուլիսում:

«Հիմա այդ հաշվարկները արդեն մենք ավարտել ենք, և դա մենք համապատասխանեցրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկմանը, ընդունմանը, որպեսզի մենք կառավարությունում այդ հավանությունը ստանանք: Այդ հավանությունը կառավարությունում մենք արդեն ստացել ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Այս տեղեկությամբ նա արձագանքեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ այսօր պայմանագրային այն զինծառայողները, ովքեր դիրքեր չեն գնում, ստանում են ամսական ընդամենը 100 հազար, իսկ ովքեր դիրքեր գնում են` 130 հազար դրամ աշխատավարձ: Այս պայմաններում շատերը նախընտրում են ինքնադրսևորվել այլ ոլորտներում և ոչ թե բանակում:

Սեյրան Օհանյանն ասաց, որ առաջին գծում նշված չափով աշխատավարձ ստանում են շարքային պայմանագրային զինծառայողները: Իսկ սերժանտ պայմանագրայինները հանրապետության տարբեր հատվածներում առաջին գծում ստանում են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ:

Բանախոսը նշեց, որ պաշտպանության նախարարությունը ուսումը շարունակելու և ենթասպայական կազմը համալրելու հնարավորություն է ընձեռում շարքային զինծառայողներն (պրոֆեսիոնալ սերժանտներն ընդգրկված են ենթասպայական կազմում):

«Բացի դրանց` առաջին գծում ծառայող պայմանագրային զինծառայողը, բացի ծառայությունից, իր ծառայության` ամսվա երկրորդ մասը, հնարավորություն ունի նաև զբաղվել իր տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ: Նաև այդպիսի միջազգային փորձ կա»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` դեռ երկար ժամանակ շարունակվելու է Հայաստանի զինված ուժերի խառը համալրման սկզբունքը, և ընդլայնվելու է հատկապես պայմանագրային զինծառայության կազմը:

«Մարզի համայնքների ղեկավարությունն էլ գիտի, դա մենք ընդլայնել ենք սահմանային բնակավայրերում` առաջին հերթին ընդգրկելով գյուղերի բնակիչներին մարտական հերթապահությանը, սեփական բնակավայրերի պաշտպանությանը և դրանով նաև որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելով: Չէ՞ որ նրանք, ծառայելով բանակում, համապատասխան աշխատավարձ են ստանում, օգտվում են սոցիալական խնդիրներից և նաև իրենց անձնական խնդիրներն են լուծում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա, ըստ էության, համաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ արտագաղթի պայմաններում զորակոչիկների թիվը տարեցտարի նվազում է, և հետևաբար պետք է ավելանան պայմանագրային զինծառայողները: «Կա նաև, ասեք, ժամկետային ծառայության քանակի որոշակի չափով նվազում»,- ասաց Սեյրան Օհանյանը` միաժամանակ հավաստացնելով, որ մոտակա միջնաժամկետ ժամանակահատվածում զինված ուժերի ղեկավարությունը համապատասխան պլանավորում իրականացրել է:

«Համալրման ռազմավարությունը մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է: Մենք չենք կարող մեր բանակը առանց համալրվածության թողնել»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ բանակում պրոֆեսիոնալ տարրը ոչ միայն պայմանագրայիններն են, այլև գեներալները, սպաները, ենթասպաները:

Բացի դրանից` իրականացվում է օպտիմալացում, նյութատեխնիկական միջոցառումների փոխանցում քաղաքացիական կազմակերպություններին:

«Այս ամենը հնարավորություն է տալիս, որ մարտական խնդիրներ կատարող զորամասերի համալրվածությունը և մարտական տարրը մենք կարողանանք բարձր մակարդակի վրա պահել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter