HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու թեկնածու, երկու տեսակ

«Հետք»-ում տեղադրված իմ «Ասում են՝ ներում պիտի խնդրի» հոդվածը բուռն քննարկումների առիթ տվեց։ Մեկնաբանություններ գրողների մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսներն էին, ովքեր՝ անդրադառնալով նրա իշխանության տարիներին, հիշում էին ամեն ինչ, բացի հանրապետության ստեղծման եւ կայացման գործում քաղաքական այդ գործչի ունեցած դրական դերից։

Հայաստանյան իրականությանն անծանոթ մեկը կարող է զարմանալ մեկնաբանությունների հեղինակների միակողմանիության վրա։ Բոլորովին անտեղյակ օտարը կարող է չհասկանալ, թե այդ ինչ չարագործություններով է երկրի առաջին նախագահն այդպես վշտացրել իր հայրենակիցներին, նույնիսկ կարող է ինչ-որ գաղտնիք փնտրել։ Գաղտնիք չկա, ամեն ինչ պարզ է ու պարզ։
Արդեն տասը տարի մասամբ, վերջին հինգ տարում՝ լիովին (Ա1+ -ի փակումից հետո) երկրի քաղաքացիները ենթարկվել են քարոզչական հետեւողական մշակման։ Բոլոր հեռուստաալիքներով մատուցվել է մեկ ու միակ դրոշմով արտադրված տեղեկատվություն, որը նրանց զրկել է համեմատական դատողությունից։

2008-ի նախագահական ընտրությունների հավակնորդներից երկուսի խոսքերի ստորեւ ներկայացվող հատվածները եւ լրացուցիչ տեղեկությունները, կարծում եմ, լավ առիթ են համեմատական դատողությունը վերականգնելու… մինչեւ զանգվածային ազատ լրատվամիջոց ունենալու հնարավորություն լինի։

Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու

ՀՀՇ-ն ունենալով բացարձակ իշխանություն Հայաստանում մինչեւ 1997 թիվը, գործեց բազմաթիվ կոպտագույն սխալներ եւ ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Դրանից հետո, եւ մինչ այդ, բազմաթիվ անգամ տրոհվեց, եւ թվում էր, թե անցավ պատմության գիրկը: Բայց դասեր չքաղելով սխալներից, 10 տարի անց վերակենդանացման նշաններ է ցույց տալիս եւ հայտարարում, թե գնալու է մինչեւ վերջ: Ավելին: ՀՀՇ կուսակցության հոգեւոր հայրը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավաքույթներից մեկում ի լուր աշխարհի հայտարարում է, թե կազմաքանդելու են պետական բուրգը: Ի պատիվ մեր ժողովրդի, այսօր Հայաստանում ռեւանշիզմի վտանգը իսպառ բացակայում է, բայց սա մի գործոն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող:

Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսականությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: Պարտք չմնալու համար մի խորհուրդ էլ ես տամ նրան: Լավ կլիներ, որ նա մեղա գար, ներողություն խնդրեր հայ ժողովրդից իր գործած, մեղմ ասած, սխալների համար: (Հատված ՀՀԿ համագումարում ունեցած ելույթից, 10.11.2007 )

Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին

1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1993-1995-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996-ին ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-ին Տեր-Պետրոսյանի վերընտրությունից հետո նշանակվել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար: (Տեղեկությունը քաղված է ՀՀ կառավարության կայքում տեղադրված պաշտոնական կենսագրությունից)

Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ հիմնադիր նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու

Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Սերժ Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր, նա այնտեղ ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր: Որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր: Նա արդեն մեկ տարի ապրում էր Մոսկվայում, շատ օգտակար գործ էր անում. բանակի մատակարարման գործով շատ լավ համագործակցում էր եւ Վազգեն Սարգսյանի հետ, եւ Ղարաբաղի իշխանավորներից ոմանց հետ: Օգտակար, շատ կարեւոր գործ էր անում: Նա կարող մարդ էր, նա ուներ փորձ, երեւի մեզանից ամենաշատ փորձը, միշտ աշխատել է պետական ապարատում, կազմակերպչական ընդունակություններ ուներ, ուստի նրա կարողությունների համեմատ դա շատ փոքր գործ էր: Մենք նրան Հայաստան հրավիրեցինք, վստահեցինք Հայաստանի բանակը եւ եկեք անկեղծ լինենք, ազնիվ լինենք` լավ էլ նախարար է եղել, շատ լավ նախարար է եղել բոլոր իր զբաղեցրած պաշտոններում` եւ անվտանգության, եւ բանակի եւ ոստիկանության մարմիններում: Այստեղ ոչ մի վերապահում ես չեմ կարող անել` այդ տարիներին կատարած նրա աշխատանքի համար: Անօգտակար, անպետք մարդ գոյություն չունի: Բայց ամեն մարդ ունի իր կարողություններն առավելագույնս դրսեւորելու առաստաղը: Առաստաղից ցած նրանք հրաշալի մասնագետներ են, հրաշալի պրոֆեսիոնալներ, հրաշալի աշխատողներ: Երբ նրանց մեջ դրանից ավելի ամբիցիաներ են ծագում, այստեղ է արդեն որ երեւում է մարդու եւ իր հավակնությունների հակասությունը: (Հատված ուսանողների հետ ունեցած հարցուպատասխանից, 03.11.2007 )

Պիտերի ոչ կոմպետենտության սկզբունքը

Ցանկացած հիերարխիայում ամեն անհատ միտում ունի հասնելու ոչ կոմպետենտության իր մակարդակին։ Համակարգն է դրդում անհատին բարձրանալով հասնել ոչ կոմպետենտության իր մակարդակին։ Եթե դուք ունակ եք արդյունավետ եւ առանց լարման կատարել ձե՛ր աշխատանքը, կողքից կասեն, թե այդ գործը հնարավորություն չի տալիս դրսեւորել ձեզ եւ որ այդ պատճառով դուք պետք է վեր բարձրանաք։ Խնդիրն այն է, որ երբ վերջապես ձեր ձեռքն է ընկնում մի գործ, որից կարգին գլուխ չեք հանում, ապա հատկապես գործունեության այդ տեսակն է դառնում ձեր հիմնական զբաղմունքը, ինչին տրվելով ձախողում եք աշխատանքը։(Հատված Լոուրենս Ջ. Պիտերի «Պիտերի սկզբունքը» գրքից)

Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու

Տեր-Պետրոսյանը հնարավորություն ուներ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում անմնացորդ ծառայելու հայ ժողովրդին: Տարբեր պատճառներով նա չկարողացավ այդ անել եւ Հայրենիքի համար ծանր պահին նա սեփական կամքով լքեց գլխավոր հրամանատարի իր դիրքերը` թողնելով հուսահատության եզրին հասած ժողովուրդ, քայքայված տնտեսություն, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ եւ ի լրումն այս ամենի` մեզ պիտակավորելով: Այնուհետեւ տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, կատարվեցին ծանր հանցագործություններ, (խոսքը Հոկտեմբերի 27-ի մասին է) ինչը հաճույքով հիմա նրանք շահարկում են:
Բայց մեր ժողովուրդը, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կարողացավ կայունացնել իրավիճակը եւ լավ հիմքեր ստեղծել երկրի զարգացման համար: Ու հիմա ուզում են կազմաքանդել պետությունը: Չի ստացվի: Ցանկացած փորձ կկանխվի:
Ճիշտ է, որ չկա չարիք առանց բարիքի: Այս ամենի մեջ լավն այն է, որ մեր ժողովուրդը հնարավորություն ստացավ համոզվելու, որ մենք տարբեր մարդիկ ենք, որ մեր պատկերացումները Հայաստանի ապագայի մասին տարբեր են: Եվ եթե այս 10 տարիների ընթացքում քաղաքական գնահատականներ չենք հնչեցրել, ապա պատճառը միայն ու միայն հասարակության մեջ ավելորդ լարվածություն չմտցնելու ցանկությունն էր»։ (Հատված ՀՀԿ համագումարում ունեցած ելույթից, 10.11.2007 )

1999 թվականին

Ազգային ժողովի ընտրությունից հետո Վազգեն Սարգսյանի կառավարությունում Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։

Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ հիմնադիր նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու

Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձեւավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռեւս ամենայն խորությամբ չի լուսաբանված։ Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել։ 705 թվականին Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն։ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական եւ մտավորական ընտրանուն։ Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության եւ մտավորականության ամենակարկառուն դեմքերին։ Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային։ Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով։

… ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ։ Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից, հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության եւ քաղաքական ուժերի միջեւ նախատեսված մի խորհրդակցության։ Ես կտրականապես մերժեցի, եւ խոսակիցներիս խստորեն սաստելով, ասացի մոտավորապես հետեւյալը.«Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը եւ միջամտել երկրի ներքին գործերին։ Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ կանխել երկրին սպառնացող վտանգները»։ Չբավարարվելով այդքանով, ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ եւ շնորհակալություն հայտնեց այդ առթիվ։ Դա իշխանափոխությունից հետո իմ եւ Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր։ Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը։ (Հատված հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ելույթից, 10.11.2007 )

Պիտերի կոմպետենտության սկզբունքը

Սխալներից խուսափելու համար պետք է փորձ կուտակել, իսկ փորձ կուտակելու համար պետք է գործել սխալներ։ (Հատված Լոուրենս Ջ. Պիտերի  «Պիտերի սկզբունքը» գրքից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter