HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ստեփան Երանոսյան. «Մենք մեր ապագան տեսնում ենք ուժեղ, միասնական Վրաստանի կազմում»

Նոյեմբերի 5-ին Կովկասի լրագրողների ցանցում /www.caucasusjournalists.net/ հայ եւ վրացի լրագրողների հարցերին էր պատասխանում Նինոծմինդայի շրջանային Սակրեբուլոյի /տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին/ ղեկավար, Վրաստանի իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ստեփան Երանոսյանը:

Հարցազրույցի հիմնական թեման Սամցխե-Ջավախեթիում քրեակատարողական հիմնարկի կառուցման խնդիրն էր: Հիշեցնենք, որ այն բուռն արձագանքներ ունեցավ Հայաստանում. հարցը բարձրացվեց նաեւ Խորհրդարանում: Մասնավորապես նշվում էր, որ նման հիմնարկի կառուցումը կնպաստի շրջանի կրիմինալիզացիային եւ հայաթափմանը, ժողովրդագրական վիճակի փոփոխությանը եւ այլն: 

Վրաստանի լրագրողներից մեկը մտահոգություն հայտնեց, որ մինչ այժմ Վրաստանի կառավարության կողմից արված որեւէ նախաձեռնություն, որն ուղղված է շրջանի զարգացմանը, հավանության չի արժանացել տեղում. ռուսական ռազմակայանների դուրսբերումը, երկաթուղու կառուցումը, այժմ էլ քրեակատարողական հիմնարկը: Ըստ լրագրողի` նման հիմնարկը եւս կարող է տնտեսական օգուտներ բերել` կբացվեն նոր աշխատատեղեր, անհրաժեշտ կլինի հիմնարկն ապահովել մթերքով եւ այլն: Իսկ շրջանում ունե՞ն զարգացման այլընտրանքային ծրագրեր, որոնք տարբերվում են կառավարականից` հետաքրքրվեց լրագրողը: Ըստ Ստ. Երանոսյանի` տեղական իշխանության նոր համակարգի ստեղծումից հետո, ինչպես նաեւ գյուղատնտեսական տարվա ամփոփումից հետո Նինոծմինդայի շրջանում ակնհայտորեն կան դրական փոփոխություններ: Սակայն երբեմն արվում են այնպիսի քայլեր, որոնք ստեղծում են անելանելի իրավիճակներ. մինչ Նինոծմինդայի շրջանում` «Վրաստանի մարգարիտ Սագամո լճի» ափերին, հսկայական բանտային համալիր ստեղծելը, անհրաժեշտ էր պատրաստել հասարակական կարծիքը: Ընդ որում, ըստ Ստ. Երանոսյանի, իրենք այդ մասին իմացել են բանավոր խոսակցություններից. տեղական իշխանության մարմիններին ոչ ոք այդ ծրագրերի մասին չի տեղեկացրել: Հատկանշական է, որ նման շինարարության իրավական փաթեթ անգամ չկա:

Արտահայտելով իր ընտրողների կարծիքը` Սակրեբուլոյի ղեկավարը տարակուսեց, թե «ինչպես կարելի է ազգային առումով սպեցիֆիկ այդ շրջանի ապագան կապել բանտային համալիրի հետ»: Ստ. Երանոսյանի պնդմամբ` չի կարելի նման հսկայական եւ անհասկանալի համալիր կառուցել առանց աշխարհագրական ու բնապահպանական հետազոտության. դա կարող է հանգեցնել հեռուն գնացող, բացասական էկոլոգիական եւ սոցիալական հետեւանքների: Մասնավորապես ռիսկի տակ է դրվում Սագամո լճի եւ շրջանի ողջ բնության գոյությունը: Բացի այդ, մտավախություն կա, որ «հաստատությունն իր հետ կբերի ուղղիչ հաստատություններին ուղեկցող ստվերային կրիմինալ ինֆրակառույցներ` նարկոմանիա, մարմնավաճառություն եւ այլն, որոնք սնում են եւ սնվում նման հաստատություններից»: Ստ. Երանոսյանի համոզմամբ` նման հաստատություն պետք է կառուցել բնակելի շրջաններից հեռու` կամ Վրաստանի մեկ այլ շրջանում, կամ նույնիսկ, իրենք համաձայն են, Սամցխե-Ջավախեթիի այլ մասում: «Ինչ վերաբերում է նրան, որ նինոծմինդցիները իբր չեն ընդունում տնտեսական ներդրումների, երկաթուղու կառուցման, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կամ ազգային պարկի կառուցման օգտակարությունը, ապա դա խորը մոլորություն է: Ռուսական զորքերի դուրսբերումը էական ազդեցություն չունեցավ շրջանի բնակիչների տնտեսական դրության վրա, ու մենք ողջունում ենք եվրոպացիների հնարավոր գալուստը ռուսների փոխարեն: Բայց դա չի նշանակում, որ պետք չէ հարցնել եւ հաշվի առնել տեղի բնակչության կարծիքը»,- ասաց նա: Իսկ որպես շրջանի զարգացման ծրագիր` Ստ. Երանոսյանը առաջարկում է զարկ տալ միջին բիզնեսին` բանկային վարկավորման միջոցով, ինչպես նաեւ զարգացնել «էկոլոգիապես մաքուր ջավախեթյան գյուղատնտեսական արդյունաբերությունը»: Ըստ Ստ. Երանոսյանի` նման բնության առկայության պայմաններում անհրաժեշտ է զարգացնել զբոսաշրջությունը` Սագամո լճի շուրջ կառուցել հյուրանոցներ, քեմփինգներ, այնպես, որ այլ քաղաքների բնակիչները հանգստանան այստեղ, ինչպես Բաթումիում կամ Բակուրիանիում: Ստ. Երանոսյանը համոզված է, որ տեղի բյուջեն հսկայական եկամուտներ կստանա այս ամենից: «Մենք բոլորս տեսնում ենք, որ Վարդերի հեղափոխությունից հետո կարճ ժամանակահատվածում մեր շրջանում տեղի են ունեցել հսկայական դրական տեղաշարժեր. կառուցվում են դպրոցներ, մարզադաշտեր, ջրի խողովակներ: Տեղի երիտասարդությունը նախագահական ծրագրի միջոցով ինտեգրվում է համավրացական երիտասարդության միջավայրին: Եւ այս ամենը մեզ ավելի լավ ապագայի հույս է տալիս»,- ասաց Սակրեբուլոյի ղեկավարը: 

«Հետք»-ի թղթակցին հետաքրքրում էր, թե ինչպես են վերաբերվում Թբիլիսիում կատարվող իրադարձություններին Նինոծմինդայի եւ Ջավախեթիի բնակիչները; որքանո՞վ է ակտիվ Վրաստանի քաղաքական ընդդիմությունը երկրի ազգային փոքրամասնությունների շրջանում` մասնավորապես Սամցխե-Ջավախեթիում, ունե՞ն արդյոք նրանք ներկայացուցչություններ Սամցխե-Ջավախեթիում եւ Քվեմո-Քարթլիում; եւ վերջապես, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ Վրաստանի` ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակության շրջաններում բոլոր ընտրությունների ժամանակ առավել մեծ քանակությամբ ձայներ է ստանում իշխանության կուսակցությունը. արդյո՞ք իշխանական կառույցներին աջակցելը ռազմավարական առումով ճիշտ է ազգային փոքրամասնությունների համար: Ստ. Երանոսյանի խոսքերով` Նինոծմինդայի բնակիչները բավական զուսպ մոտեցան ընդդիմության կոչերին: «Մենք երկրի` մեր կողմից ընտրված օրինական իշխանությունների հետ ենք: Ազգային փոքրամասնությունները ցանկացած երկրում պետք է կանգնած լինեն նրանց կողքին, ով իշխանության է եկել ազգային մեծամասնության թվից: Մեր միջամտությունը որեւ մեկի օգտին ուղղակիորեն յուղ կավելացնի կրակին»,- ասաց նա: Տեղական իշխանության մարմնի ղեկավարը նշեց, որ ընդդիմադիր կուսակցությունները որոշակի աշխատանք տանում են Սամցխե-Ջավախեթիում, սակայն «միակ կուսակցությունը, որն իրականում մտահոգվել է շրջանի խնդիրներով, եղել եւ մնում է իշխող կուսակցությունը. այն իր իշխանական կառույցների միջոցով լուծել է տնտեսական, սոցիալական եւ քաղաքական բնույթի շատ հարցեր»: 

«Երկիր մեդիա» հ/ը ներկայացուցչի հարցը վերաբերում էր շրջանում հայերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու խնդրին: Ստ. Երանոսյանը գտնում է, որ քանի դեռ երկրում չեն ձեւավորվել անհրաժեշտ տնտեսական եւ քաղաքական նախադրյալներ, քանի դեռ վերականգնված չէ Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իմաստ չունի արծարծել այդ հարցը: «Բայց ես համոզված եմ, որ երբ Վրաստանը դառնա տնտեսապես եւ քաղաքականապես ուժեղ եւ կայուն պետություն, այդ հարցը կլուծվի հենց պետության կողմից, ինչպես դա արվել է ավելի քան քսան եվրոպական երկրներում»,- ասաց նա:

Վրացի լրագրողի հարցը հետեւյալն էր. Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին Ջավախեթիի բնակչության մասնակցության աստիճանը; որքանո՞վ է վրացերենի չիմացությունը խանգարում Ջավախեթիում ինտեգրացիոն գործընթացներին: Ստ. Երանոսյանը այդ մասնակցությունը գնահատում է ոչ բավարար. դրա հիմնական պատճառը լեզվական պատնեշն է: Պետական լեզվի չիմացությունը նաեւ ինտեգրացիոն գործընթացին խոչընդոտող հիմնական գործոնն է: «Մենք հասկանում ենք, որ վրացերենի իմացությունը մեր` հայերիս համար նույնքան կենսականորեն է անհրաժեշտ, որքան Սիրիայի հայերի համար արաբերենը, ԱՄՆ-ի հայերի համար անգլերենը կամ Ռուսաստանի հայերի համար ռուսերենը: Այսօր բավական շատ բան է արվում, որ տեղի բնակչությունը դպրոցական նստարանից սովորի վրացերեն... Մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի շրջանից տեղի բնակիչների արտագաղթի դադարեցմանը եւ տեղի կադրերի աշխատանքի տեղավորմանը տնտեսության բոլոր ոլորտներում»: «Նինոծմինդայի շրջանի բնակիչները օրինապաշտ, աշխատասեր մարդիկ են: Մեզնից յուրաքանչյուրը ուրախանում է Վրաստանի հաջողություններով եւ տխրում, երբ տեղի է ունենում անցանկալին... Մենք ուժեղ, միասնական, բարգավաճող Վրաստանի կողմնակից ենք... Մենք մեր ապագան տեսնում ենք վրացական պետության կազմում»,- ասաց Ստ. Երանոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter